Կամչատկայի երկրամասի հայ համայնքի հերթական նախաձեռնությունը

Հունիսի 17-ին ՌԴ Կամչատկայի երկրամասի հայ համայնքը՝ ղեկավար Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի միջնակարգ դպրոցին նվիրվել է 5 համակարգիչ:

Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը, հանձնման արարողությանը ներկա են եղել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը, Ծաղկաձոր համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի  ներկայացուցիչ  Էդգար Հովսեփյանը  և այլք:

Հյուրերին դպրոցի բակում դիմավորել են ավանդական աղ ու հացով, ազգային երգ ու պարով: Ներկաները բարձր են գնահատել Արթուր Խաչատրյանի կողմից Հայաստանում իրականցվող ներդրումային ծրագրերը և հայապահպանությանն ուղղված աշխատանքները՝ շեշտելով, որ նա, իսկապես, նպաստում է Հայաստան-Սփյուռք կապերի զարգացմանն ու ընդլայմանը:

Հավելենք նաև, որ սա Կամչատկայի հայ համայնքի հերթական բարեգործական ծրագրերի շարունակություն էր: Մինչ այս Արցախի Որոտան համայնքին նվիրաբերվել է ԼԱԶ մակնիշի ավտոբուս, Գյումրիի տնակում բնակվող Հակոբյանների` հինգ անձից բաղկացած ընտանիքին նվիրվել է երկուսենյականոց բնակարան, 20 համակարգիչ է նվիրվել Կոտայքի և Շիրակի մարզերի գյուղերի դպրոցներին՝ համակարգչային  դասարան բացելու նպատակով:

    

 

 

Scroll Up