Մահացել է Պոլսի Սուրբ Խաչ դպրեվանքի նախկին բազմամյա եւ վաստակաշատ տնօրեն Հայկ Նշանը

Պոլսահայությունը կորցրեց իր ականավոր դեմքերից եւս մեկին: Ինչպես հայտնում է «Ժամանակ» օրաթերթը, հունիսի 15-ի առավոտյան մահացել է Պոլսի Սուրբ Խաչ դպրեվանքի նախկին բազմամյա եւ վաստակաշատ տնօրեն Հայկ Նշանը: Նրա կորուստը շատ ցավալի է, քանի որ նա պոլսահայ կրթական կյանքի իրական նվիրյալներից էր:

Մեծ հայորդին ծնվել էր Դիարբերքիրում, նախնական կրթությունը ստացել էր Սուրբ Խաչ դպրեվանքում եւ համալսարանն ավարտելուց հետո վերադարձել էր հարազատ դպրոց եւ իրեն նվիրել էր մանկավարժական գործին: Դպրեվանքում նրա 30-ամյա տնօրինության շրջանը բավականին բարդ էր՝ քաղաղաքային իշխանությունների հետ ունեցած մի շարք տարաձայնությունների պատճառով:

Սուրբ Խաչ դպրեվանքի տնօրենը լինելուն զուգահեռ Հայկ Նշանը կարեւոր դերակատարություն է ունեցել պոլսահայ կրթական համակարգի վարչակազմակերպչական կյանքում: Ծանր հիվանդության պատճառով որոշ ժամանակ է՝ բուժվում էր հիվանդանոցում, սակայն, ցավոք, բուժումն արդյունք չտվեց:

 

Scroll Up