Համահայկական խաղերի ջահը վառվել է Մուսա լեռան գագաթին

Համահայկական խաղերի պատվիրակությունը հատուկ առաքելությամբ ժամանել է Կիլիկիա:

Մուսա լեռան ստորոտում՝ Վագըֆ գյուղի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում, Պոլսի Սուրբ Վարդանանց եկեղեցու հոգևոր առաջնորդ Հայր Սուրբ Թաթուլ Անուշյանի ձեռամբ նախ պատարագ է մատուցվել` Համահայկական խաղերի հաջող մեկնարկի ու ընթացքի համար: Ապա եկեղեցու վառվող մոմերից Համահայկական խաղերի  ջահը վառելու պատիվը վերապահվել է խաղերի հիմնադիրներից ամերիկահայ բարերար Ալբեր Բոյաջյանին:
 ՀԽՀԿ փոխնախագահ Ռոլանդ Շառոյանի կարծիքով՝  այս արարողությունը մեկ անգամ ևս հաստատում է, որ հայ ժողովուրդը աշխարհի որ ծայրում էլ լինի, իր հավաքական միտքն ուղղված է  լինելու հայրենիքի միասնության միջոցով պահելուն, պահպանելուն ու զարգացնելուն:
«Կյանքը ցույց է տվել, որ երբ կորցրել ենք, կորցրել ենք պառակտվածության արդյունքում, և հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի գոնե վերագտնենք մեզ և լինենք իսկապես պահանջատեր ու հասնենք գոնե կորստի մինիմալ վերականգնման գործընթացին»,- նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
 Վառված կրակը Մուսա լեռան գագաթ հասցնելու յուրատեսակ հաղթարշավի բոլոր այլ մանրամասները կցուցադրվեն Համահայկական խաղերի բացման արարողության ժամանակ:  ՀԽՀԿ գործկոմի անդամ Պերճ Հալաջյանը ջահի վառման և տեղի ունեցած իրադարձության վերաբերյալ ասել է. «Բախտ ունեցանք այսօր, այս սերնդի մարդիկ, որ տեսանք ջահի վառման հանդիսավոր արարողությունը: Այս սերունդը տերն է այս գործի և հայապահպանման այս պահի»:
Համահայկական խաղերի պատվիրակությունն այցելեց նաև պատմական Կիլիկիայի բերդեր` Լևոն Երկրորդ թագավորի բերդ և մայրաքաղաք Սիսի միջնաբերդ:
Համահայկական 7-րդ խաղերն այս տարի կկայանան օգոստոսին: Բացման արարողությունը տեղի կունենա Ստեփանակերտում` օգոստոսի 6-ին:
Scroll Up