Հայկազյան համալսարանի կողմից 1000 միավոր գիրք է նվիրաբերվել ԱրՊՀ-ին

 Հունիսի 10-ին, Բեյրութի Հայկազյան համալսարանի «Heritage Club»-ի ուսանողների պատվիրակությունն այցելել է Արցախի պետական համալսարան և հանդիպում ունեցել բուհի ուսանողության հետ:

«Արցախպրես»-ի  թղթակցի հաղորդմամբ,    ողջունելով համալսարանականներին, ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Հայկազյան համալսարանի պատվիրակությանը` նշելով, որ նման շփումները երկու բուհերի համար կարևոր ու անհրաժեշտ  են:
Պատվիրակության ղեկավար Ռազմիկ Կապրիելյանը, ով համակարգում է Հայկազյան համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքները,  նշել է, որ իրենց  այցելությունը 2018 թվականի ԱրՊՀ և Բեյրութի Հայկազյան համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում է իրականացվել, որին մեծ սիրով ու խանդավառությամբ են միացել համալսարանի ուսանողները:
«Արցախը մեծ նշանակություն ունի մեր կյանքում, և լիբանանահայ գաղութն  ուղղակի կապված է Արցախի հետ՝  միշտ պատրաստ նեցուկ լինելու արցախցիներին:  Մեր  այցի  նպատակն  է  Արցախի  հետ   բարեկամության  կամուրջներ  հիմնելը, որի   շրջանակներում Հայկազյան համալսարանի կողմից  այս  անգամ   1000  միավոր գիրք  ենք   նվիրաբերել  ԱրՊՀ-ին»,-  մասնավորապես  ասել է Ռ. Կապրիելյանը:
Հայկազյան համալսարանի «Heritage Club»-ի նախագահ Քրիս Պրուդյանն  էլ ասել է, որ  ինքը   երկրորդ անգամ է Արցախում և կարևորում է արցախցի ուսանողների  գործակցային հարաբերությունների ստեղծումը:
«Այսպիսի  շփումները  կարևոր են  ուսանողների  համար`  համազգային  հարցերի շուրջ տեսակետների ու կարծիքների փոխանակման առումով, քանի որ մենք բոլորս մեկ մշակույթի և մեկ ինքնության տեր ենք: Արցախն ինձ համար սուրբ հող է. այստեղ  մենք   նոր  ուժ ու  ոգևորուոյթւոն ենք  ստանում»,-ավելացրել  է  Քրիս Պրուդյանը:
Հանդիպման ընթացքում երկու համալսարանների ուսանողները քննարկել են ուսումնական գործընթացին, Սփյուռքում հայապահպանության խնդիրներին, Արցախյան հիմնախնդրին, Լիբանանի հայկական համայնքի գործունեությանն  առնչվող  մի  շարք  հարցեր:
Scroll Up