Կոմիտասի և Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառում Ախալցխայում

Մայիսի 29-ին Ախալցխայի մշակույթի տանը Ախալցխայի երիտասարդական կրթամշակութային կենտրոնն անցկացրեց միջոցառում՝ նվիրված Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Միջոցառմանը ներկա էին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Մաղաքիա Վարդապետ Ամիրյանը, Ախալցխայի հոգևոր տեսուչ Հայր Հակոբ աբեղա Սահակյանը, Նինոծմինդայից Տեր-Արմաշ քահանա Պողոսյանը, Ախալցխայի ՏԻՄ ներկայացուցիչները, Ախալքալաքի և Նինոծմինդայի եիտասարդական կրթամշակութային կենտրոնների մանկավարժները:

Միջոցառումն սկսվեց Վրաստանի և Հայաստանի Հանրապետության օրհներգերով: Կենտրոնի սաները ներկայացրեցին Թումանյանի և Կոմիտասի կենսագրություններն ու անցած ստեղծագործական ուղին՝ թումանյանական ասմունքների և կոմիտասյան երգերի կատարումների ուղեկցությամբ: Միջոցառմանն իրենց թումանյանական քառյակներով և Կոմիտասի երգերով մասնակցեցին նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնների սաները: Բեմականացված էր «Անուշ» պոեմը, «Անբան Հուռին» և «Կիկոսի մահը» հեքիաթները: Աշակերտները, և հատկապես Անուշի դերակատար Աննա Բաբոյանը, իրենց հմուտ դերասանական խաղով գերեցին հանդիսատեսի սրտերը, հնչեցին բազում գովեստի և շնորհակալական խոսքեր հյուրերի կողմից:

Հոգեշնորհ Հայր Մաղաքիա Ամիրյանն իր զորակցությունը հայտնեց և բարձր գնահատեց կենտրոնում իրականացվող հայապահպան ծրագրերը, որի առհավատչյան էր այդ օրվա բազմաժանր միջոցառումը, Կենտրոնի սաների վարպետ կատարումները: Ջավախքի երիտասարդական կենտրոնների համակարգող, Ախալքալաքի ԵԿ-ի պատասխանատու Կարինե Թադևոսյանն ողջունեց ներկաներին և շնորհավորեց կազմակերպիչներին հայրենանվեր, անթերի աշխատանքի համար, առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Ախալցխայի կենտրոնի տնօրեն Նանուլի Հակոբյանին և պարուսույց Տիրուհի Համբարձումյանին՝ բարձրարվեստ աշխատանքի համար և վերջինիս հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից պատվոգիր՝ Ջավախքում հայրենասիրական և հայապահպան գործունեություն ծավալելու համար:

Սցենարում ընդգրկված էին հայրենասիրական երգեր և ազգային պարեր: Աշակերտներն ու ելույթ ունեցողներն անդրադարձան նաև Հայաստանի Առաջին Հանրապետության և Վրաստանի Հանրապետության Անկախության տոներին՝ մեկ անգամ ևս շնորհավորելով մեծ հաղթանակի՝ անկախության ձեռքբերման առիթով: Նանուլի Հակոբյանն իր եզրափակիչ ելույթում շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ իրենց ներկայությամբ միջոցառումը պատվելու, Հայր Հակոբին՝ Մշակույթի տան վարձակալման և ԵԿ-ի ամբողջ անձնակազմին, ծնողներին՝ իրենց կազմակերպչական աշխատանքներում օժանդակելու համար:

Scroll Up