Հայկական զուռնան հնչել է Պրահայի Սուրբ Վացլավի հրապարակում. տեսանյութ

Ինչպես «Հայերն այսօրին» հայտնում են Պրահայի «Ուրարտու» հայ-չեխական միությունից, կրկին Պրահայի Սուրբ Վացլավի հրապարակում կայացած փառատոնին մայիսի 31-ին հնչել է հայկական զուռնան: Փառատոնին մասնակցում էին Հայաստանի, Հունգարիայի, Սլովակիայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Աֆրիկայի Սերբիայի, Արաբիայի, Ուկրաինայի, Վետնամի, Մոնղոլիայի, Ռուսաստանի, Մեքսիկայի, Ռումինիայի, Իռլանդիայի, Իսպանիայի, Բելոռուսիայի, Չեխիայի գեղարվեստական համույթներ և անհատ կատարողներ:

 Այս տարի փառատոնին մասնակցում էր նաև Հայաստանը ներկայացնող Չեխիայի Հայ Երիտասարդական Միության «Կիլիկիա» պարային համույթը: Հայկական ելևէջների ներքո, զուռնայի հնչեղ ձայնը լցրել է հրապարակը.հայկական Յարխուշտան, Կոմիտասի «Շորորն» ու Քոչարին ընդունվել են որպես հազարամյակների մշակույթ ունեցող ժողովրդի կողմից պահպանված գոհարներ: Հանդիսատեսի բուռն ծափահարություններով էին ուղեկցվում յուրաքանչյուր կատարում:

Այսպես ավարտվեց փառատոնի երկրորդ փուլը, և հայկական համույթն ընդգրկվեց լավագույնների շարքում՝ հրավիրվելով  մասնակցելու Պրահայի Վինոհրադի թատրոնի մեծ բեմում անցկացվող գալահամերգին:

Հունիսի 1-ին Վինոհրադի թատոնը լի էր մասնակիցներով, որոնք եկել էին մասնակցելու փառատոնի գլխավոր ներկայացմանը: Ելույթ ունեցող խմբերը, որոնք տասնամյակների փորձ ունեին, իրենց կատարումներով գերազանցում էին մեկը մյուսին, իսկ նրանց տարեց մասնակիցների հմտությունը հիացնում էին հանդիսատեսին: Անգամ այս մրցակցային դաշտոմ, երբ Չեխիայի Հայ Երիտասարդական Միության «Կիլիկիա» պարային համույթն ընդամենը 1 տարվա պատմություն ունի և որն առաջին անգամ է ելույթ ունենալու այսպիսի բեմում ու մասնակցելու նման փառատոնին, խմբի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Սարգսյանի հետ միասին, վստահությամբ ընդունեց մրցահրավերը՝  խրոխտ ու յուրօրինակ կատարոմով գրավելով բեմը:

Համույթի երիտասարդ մասնակիցները կատարեցին հայկական «Բերդ» պարը: Ելույթն այնքան տպավորիչ էր, որ դահլիճում աշխուժություն առաջացրեց.հանդիսատեսը հայկական ռիթմերի ներքո ծափերով ուղեկցեց ողջ ելույթը:

Չեխիայի Հայ Երիտասարդական Միության «Կիլիկիա» պարային համույթն ընդգրկվեց որպես «Ազգերի սիրտ Պրահա» միջզգային 21-րդ ամենամյա փառատոնի պատվավոր անդամ և պարգևատրվեց ոսկե դիպլոմով:

 

Scroll Up