Սանկտ Պետերբուրգում հայ մանուկները նշեցին իրենց պաշտպանության տոնը

Հունիսի 2-ին Հայ Առաքելական եկեղեցու բարձր հովանու ներքո «Վերնատուն» մշակութային կենտրոնում «Խատուտիկ» էթնիկ կենտրոնը տոնեց  երեխաների պաշտպանության օրը՝ «Արևային Խատուտիկ» ամենամյա հեղինակային միձազգային ծրագրի շրջանակներում։

Աղոթքով, այնուհետև սատարող խոսքերով, տոնի բացումն արեց Տեր Եփրեմ քահանա Զարգարյանը, ով իր առանձնահատուկ  շնորհակալությունը հայտնեց «Խատուտիկ» կենտրոնի անձնակազմին՝ իրենց ծավալած ազգանվեր գործունեության համար։

Միջոցառման մասնակից երեխաները թե՛ ինքնուրույն, թե՛ իրենց ծնողների օգնությամբ, մասնակցում էին խոհարարական, ստեղծագործական և ազգային պարերի վարպետության դասերին, «Հայաստանի գանձեր» ինտելեկտուալ խաղ-մրցույթին և, իհարկե, խաղում էին սիրված կերպար «Խատուտիկի» հետ։
«Վերնատուն» մշակութային կենտրոնը լցվել էր մանուկների խինդ ու ծիծաղով և ծնողների հիացմունքով։ Մեծ ու փոքր՝ մի ընտանիքի պես համերաշխ, ակտիվ մասնակցություն էին ցուցաբերում միջոցառմանը։

Խոհարարական վարպետության դասի ընթացքում երեխաները խոհարար Ալինա Հարությունյանի հետ զարդարեցին անուշահամ թխվածքաբլիթներ։ Կային մանուկներ, որոնք պատկերեցին նույնիսկ Հայաստանի դրոշը։

Ստեղծագործական վարպետության դասի ընթացքում երեխաները դիզայներ Լյուսի Բախշյանի հետ ստեղծեցին իրենց ընտանիքի կոլաժն ու կարգախոսը։

Դե իսկ «Խատուտիկի» գործընկեր «Զարթոնք» ազգային պարի և երգի համույթի կոլորիտային և միշտ սպասված ու սիրված դասը  էլ ավելի միավորեց ներկաներին` համախբելով նրանց ազգային պարերի շուրջ։

«Հայաստանի գանձեր» ինտելեկտուալ խաղում հաղթող ճանաչվեց «Խատուտիկի» հայոց լեզվի ուսուցչուհի Ադրինե Ստեփանյանի  «Հայք» թիմը, որի ավագ Աիդան նշեց, որ այս միջոցառումը երբեք չի մոռանա, քանի որ ստացավ անմոռանալի դրական լիցքեր։

Բոլորի կողմից շատ սիրված կերպար «Խատուտիկը»՝ Մարիամ Խորշիկյանը, իր մատուցած հետաքրքիր  խաղերով, ինչպես միշտ, երեխաների լիաթոք ծիծաղի պատճառը դարձավ և նրա շնորհիվ փոքրիկներն ամբողջ ընթաքում աշխույժ ու կենսուրախ մնացին։

Ինչպես հայտնում է միջոցառման հաղորդավար Էլինա Աղաբաբյանը «Հայերն այսօր» պարբերականին, միջոցառումն անկասկած կարելի է համարել ստացված, քանի որ երեխաները գեթ մեկ րոպե չձանձրացան,  և նույնիսկ միջոցառման ավարտից հետո, մնացին պարելու և շարունակելու իրենց շփումը։ Սա նշանակում է, որ նման տոները ոչ միայն օրվա խորհուրդ են, այլ նաև հայրենակցական ծանոթությունների և սոցիալական միջավայրի ընդլայնման հնարավորություն։

Զարթոնք համույթի գեղարվեստական ղեկավար Ավագ Գաբոյանը «Հայերն  այսօրին» հայտնեց. «Հպարտությամբ կարող եմ նշել, որ մեր գործընկեր «Խատուտիկ» էթնիկ կենտրոնը երեխաների մասին հիշում է ոչ միայն տոնից տոն, այլև ամեն օր, իրականացնելով քրտնաջան աշխատանք՝ երեխաներին երջակացնելու և վառ ժպիտներ պարգևելու համար։
Դե իսկ նրանց կատարած աշխատանքն ամեն տարի ամփոփվում է արդեն ավանդույթ դարձած գունագեղ տոնով՝ «Արևային Խատուտիկ» միջազգային միջոցառման շրջանակներում։
Կազմակերպությանը և նրանց  բոլոր աջակիցներին ցանկանում եմ մաղթել, որ «Արևային Խատուտիկ» տոնը վերածեն համահայկական շարժման՝ նվիրված ամբողջ աշխարհի երեխաների պաշտպանությանը։»։

«Խատուտիկ» էթնիկ կենտրոնի հիմնադիր-ղեկավար Լիլիթ Շարբաթյանն էլ իր խոսքում նշեց. «Մեծ երջանկություն է տեսնել մեր մանուկների ուրախությունը։ Մենք անում ենք ամեն բան, որպեսզի նրանք իրենց զգան սիրված և արժևորված»։

Scroll Up