Հաշվետու միջոցառում Տյումենի Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոնում

Եթե բեմում միաժամանակ տեսնեք հայկական գույներով կտավ, դիտեք «Մկների ժողովը» ներկայացումը, լսեք հայ մեծերի բանաստեղծություններն ու, վերջապես, հայի աչքերով մանուկներ տեսնեք, ուրեմն, բարի´ գալուստ, դուք ՌԴ Տյումեն քաղաքի հայկական մշակույթի կենտրոնում եք։

Մշակույթի կենտրոնի սաներն ամբողջ ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքներով զինված` պատրաստ են գրավել աշխարհը․․․
Իսկ մինչ այդ հաշվետու միջոցառումն է։

Մայիսի 26-ին մշակույթի կենտրոնը ամփոփեց 2018-2019 ուսումնական տարվա արդյունքները: Աշակերտները լարված ու հուզված էին. մեկ տարվա ընթացքում իրենց սովորածը պետք է ներկայացնեին ծնողներին, հանդիսատեսին:

Միջոցառումը սկսվեց դպրոցի տնօրեն Ռ Դանիելյանի ելույթով, որը շնորհավորեց աշակերտներին և ուսուցիչներին ուսումնական տարին բարեհաջող ավարտելու կապակցությամբ, իր երախտագիտությունը հայտնեց այն միջոցառումների համար, որ ներկայացվել է ամբողջ տարվա ընթացքում։

Միջոցառման առաջին մասում կրտսեր խմբի սաները, գարնան ծաղիկներ դարձած, Հող մայրիկի ու Արև հայրիկի հետ ջերմ ողջույններ հղեցին հանդիսատեսին՝ մեղմ երաժշտության ներքո ցուցադրելով իրենց հմայքն ու գարնան զարթոնքը:

Երկրորդ հատվածում ներկայացրին իրենց մանկության զարմանահրաշ մոլորակը՝ լի անհուն ջերմությամբ ու հոգատարությամբ: Այստեղ ձեռք են բերել նոր ընկերներ և ապրում են հաշտ ու համերաշխ, շփվում հայերեն։ Նրանց համար, որոնք առաջին տարին էին հաճախում մշակույթի կենտրոն, անցած ամիսները նշանավորվեցին նոր ծանոթություններով և ձեռքբերումնորով, և որ ամենակարևորն է, ուսանեցին մեսրոպյան տառերը։

Միջոցառման վերջին մասը նվիրված էր մայիսյան հաղթանակներին և Հայոց պետականության վերականգնման 101-րդ տարեդարձին։ Ավագ խմբի սաները հայրենիքի նկատմամբ ունեցած սերը ներկայացրին բանաստեղծությունների, երգերի, պարերի միջոցով։ Միջոցառումն ուղեկցվում էր դպրոցի մանկական երգչախմբի և «Նաիրի» պարի համույթի գեղեցիկ կատարումներով։

Անմասն չմնացին նաև թատերական ու նկարչության խմբերի սաները։
«Մկների ժողովը» ներկայացումը մեծ բավականություն պատճառեց ներկաներին։ Նկարչական խմբի անդամ Արթուրը միջոցառման ամբողջ ընթացքում նկարում էր «Հայաստանի գարունը» թեմայով կտավ, որն արժանացավ բարձր գնահատականի հանդիսատեսի կողմից:

Փոքրիկ գիտունիկների ուսումնական ծրագրում ավելացել էր նաև անգլերենը։ Նրանք ևս ցուցադրեցին մեկ տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքները: Հայ փոքրիկները ոչ միայն հայերեն, այլև օտար լեզվով սահուն արտասանեցին բանաստեղծություններ, երգեցին մանկական երգեր։

Ներկաները երկար կհիշեն այդ օրվա միջոցառումը, Հայաստանին բնորոշ բոլոր խորհրդանիշերով զարդարված տոնական դահլիճը, հայ մանուկների հայրենաշունչ ելույթները։ Այն ուսանելի միջոցառում էր և տպավորիչ ազդեցություն թողեց ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների ու ծնողների վրա:

Համայնքի նախագահ Ա․ Հովեյանը դպրոցի ուսումնական տարին համարեց՝ հաջողված տարի։ Բարձր գնահատեց դպրոցի տնօրենի և ուսուցիչների մեկ տարվա գործունեությունը: Նշեց, որ համայնքի հիմնական նպատակն ու խնդիրն է` պահպանել հայ դարավոր մշակութային արժեքները և ազգային ինքնատիպությունը: Դպրոցի առաքելությունն է՝ մայրենին, հայկական մշակույթն ու պատմությունը սերունդներին փոխանցելը, նրանց հայեցի դաստիարակելը։ Հայրենիքից հեռու բնակվող հայի համար փոքր հայրենիք է հայկական դպրոցը և հայկական եկեղեցին, որի կառուցումը ընթացքի մեջ է։

Բոլոր ուսուցիչներին հանձնվեցին դիպլոմներ և ծաղիկներ:

Ալվան Պողոսյան

Scroll Up