Հայ-ռուսական մշակութային երկխոսություն Լոնդոնում՝ նվիրված Հովհ. Թումանյանի 150-ամյակին

Հունիսի 1, Միացյալ Թագավորության մայրաքաղաքի՝ Լոնդոնի Քեսնսինգթոնի թագավորական համայնքի Սբ. Քաթբերրթ անգլիկան եկեղեցու հոյակերտ կամարների ներքո կրկին հնչում է հայակական մեղեդին՝ այս անգամ միախառնված ռուսական երաժշտության ելևէջների հետ: Հանդիսականները Լոնդոնի Քենսինգթոն և Չելսի արքայական համայնքի քաղաքապետարանի, Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատան և Ռուսական դպրոցի, Հայկական համայնքային խորհրդի և կիրակնօրյա դպրոցի, մի շարք մշակութային միությունների, Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ են, անվանի գրող Մանուել Ադամյանը, սիրված երաժիշտներ, հայտնի մտավորականներ, պարզապես արվեստասեր մարդիկ:

Եվ ո՜վ զարմանք. նշվում է հանճարեղ լոռեցու՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը: Նախաձեռնության հեղինակը դարձյալ նույն տաղանդավոր և ջերմեռանդ երիտասարդն է՝  «Քլինգեն երգչախմբի և մշակութային ասոցիացիայի»  գեղարվեստական ղեկավար, հանրահայտ տենոր և դիրիժոր Սիփան Օլահը, որի առաջարկին հաճույքով արձագանքել են Ռուսական երգչախումբը, հայկական համայնքային և մշակութային կյանքով հետաքրքրված միություններ, անհատներ:

Հայտարարվում է առաջին համարը. հնչում է Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի համահեղինակած գեղեցիկ երգը՝ «Կաքավիկը»՝ սոպրանո Հայարփի Եղիկյանի անզուգական կատարմամբ: Հաջորդում է Սիփան Օլահի անմոռանալի երգեցողությունը Հովհաննես Թումանյանի «Ա՜խ, ի՜նչ լավ է սարի վրա» բանաստեղծության խոսքերով և Է. Աբրահամյանի հիասքանչ մեղեդով: Հանդիսատեսը վայելում է նաև գործիքային երաժշտության մի պատառիկ Ա. Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտից՝ ջութակահարուհի Հայարփի Եղիկյանի և Սիփան Օլահի դաշնամուրային նվագակցությամբ:

Անշուշտ, ծրագիրը չափազանց անկատար կլիներ, եթե չներառեր հատվածներ հանճարեղ Հ. Թումանյանի և Ա. Տիգրանյանի համատեղ ստեղծագործությունից՝ «Անուշ» օպերայից: Անուշի և Սարոյի զուգերգի, այնուհետև Սարոյի արիայի կատարողները դարձյալ սոպրանո Հայարփի Եղիկյանը  և տենոր Սիփան Օլահն են: Այս օպերան ներկայացնելուց անմասն չի մնում նաև «Քլինգեն» երգչախումբը. հնչում է Համբարձման տոնի տեսարանը ներկայացնող մի հիանալի խմբերգային պատառիկ:

Ծրագիրը բազմազան է և ընդգրկուն: Բեմահարթակում է Լոնդոնի ռուսական երգչախմբի դիրիժոր, սոպրանո Պալինա Շեֆրդը: Նա կատարում է իր իսկ ստեղծագործությունը՝ «Ճանապարհ» բալլադը: Երգչուհին մտովի մեզ տեղափոխում է մեկ այլ՝ ռուսաստանյան անծայրածիր ճանապարհների իրականություն՝ ձգվող մեղեդու ելևէջներով՝ յուրօրինակ և տպավորիչ:

Համերգի ամենահուզիչ հատվածը բոլորիս կողմից անչափ սիրելի վաստակաշատ դերասանուհի Ժենյա Ներսիսյանի ելույթն էր: Նա ներկայացրեց հատված «Անուշ» պոեմից և մենք պարզապես ականատեսը դարձանք Թումանյանի հանճարեղ ստեղծագործության կոնֆլիկտի՝ Սարոյի և Մոսիի գոտեմարտին: Տաղանդավոր ասմունքողը երկու լեզուներով ներկայացրեց նաև Ա.Պուշկինի «Ձմեռվա իրիկունը» բանաստեղծությունը՝ բնագրով և Հ. Թումանյանի թարգմանությամբ:

Համերգը շարունակում է Լոնդոնի ռուսական երգչախումբը Պալինա Շեֆրդի ղեկավարությամբ: Հնչում են մեկը մյուսից ավելի գեղեցիկ մեղեդիներ, որոնք իրենց անջնջելի հետքն են թողնում հանդիսատեսի հիշողության մեջ: Դրանք ուրախ են և տխուր, չափազանց պարզ կամ անչափ բարդ՝ կատարողական իմաստով և, անշուշտ, խիստ տպավորիչ:

Միջոցառման եզրափակիչ հատվածում ելույթ է ունենում Լոնդոնի հայկական «Քլինգեն» երգչախումբը՝ Սիփան Օլահի դիրիժորությամբ: Ակապելլա տարբերակով հնչում են կոմիտասյան երկու երգ՝ քառաձայն երգչախմբի երգեցողությամբ, դաշնամուրի նվագակցությամբ մի շարք ստեղծագործություններ: Այս համերգի նվագակցողը լոնդոնաբնակ ռուս դաշնակահարուհի Մարինա Բլոխինա Էրզոսն է:

Համերգն իր բարձրակետին հասավ Հ. Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծության խոսքերով և Ալ. Հարությունյանի երաժշտությամբ ստեղծագործության կատարման ժամանակ. մենակատարներ՝ Հայարփի Եղիկյան և Սիփան Օլահ:

Հիանալի էր մտածված նաև միջոցառման ավարտը. երկու երգչախմբերը հանդես եկան համատեղ համարներով: Հնչեց Ա. Նովիկովի «Սմուգլյանկա» ստեղծագործությունը Պալինա Շեֆրդի դիրիժորությամբ: Վերջին համատեղ համարը Ա. Խաչատուրյանի «Կենաց երգն» էր իր շռնդալից ավարտով, որը Մեծ Բրիտանիայում հնչեց առաջին անգամ:

Միջոցառման ողջ ընթացքում հանդիսատեսը վայելում էր նաև հայտնի նկարչուհի, լոնդոնաբնակ Լեոնի Պիլարտի նկարների ցուցահանդեսը, որն արդեն ավանդական է դարձել: Այս անգամ ցուցադրվում էին նկարչուհու հայկական մոտիվներով կտավները: Ի դեպ, նկարչուհին 2019-ին նշում է ստեղծագործական գործունեության 50-ամյակը:

Այնքան ջերմ ու հարազատական էր մթնոլորտը, որ հանդիսատեսը դեռ երկար ժամանակ չէր ցանկանում հեռանալ. կենդանի շփում տեղի ունեցավ ելույթ ունեցողների և հանդիսականների միջև, կիսվեցին տպավորություններով, խոսեցին հետագա պլաններից ու նախաձեռնություններից:

Գովասանքի արժանի շատ բան կար այսօրվա հանդիսության մեջ. տաղանդավոր մարդկանց և հատկապես երիտասարդության՝ հայրենիքից այսքան հեռու՝ մշակութային խաչմերուկ հանդիսացող այս հիանալի քաղաքում համապատասխան մակարդակով հայության շունչը տարածելը, ռուս և հայ ժողովուրդների՝ նույնիսկ օտար ափերում այսպիսի սերտ համագործակցությամբ ներկայանալը, հայ պոեզիան և երաժշտությունը միջազգային մակարդակով լսելի դարձնելը:

Շնորհակալություն բոլորին մասնակցության համար, թեկուզ նրա համար, որ գեթ մեկ վայրկյան կանգ են առել ու մտածել գեղեցիկ խոսքի, հիանալի մեղեդու կամ առհասարակ, բարի արարքների մասին: Սիրով սպասում ենք բոլորիդ հաջորդիվ. առջևում մյուս հանճարեղ հայորդու՝ Կոմիտասի ծննդյան 150- ամյակն է:

Եվ հիշվում է նրա գործը, հանճարեղ պարզությամբ պարուրված խոսքը և ապրում նրանց սրտերում, ում հոգիներին անհաղորդ չեն հանճարեղ իմաստնությունը, կախարդիչ մեղեդին:

Նաիրուհի Պետրոսյան

Scroll Up