Մանուկների օրվան նվիրված գունեղ ու հայկական տոնակատարություն ՋԱՀ-ի աջակցությամբ

Հունիսի 2-ին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի աջակցությամբ Երևանի շոկոլադի գործարանում տեղի ունեցավ երեխաների պաշտպանության օրվան նվիրված տոնակատարություն:

Ինչպես «Հայերն այսօրին» հայտնում են Հիմնադրամից, միջոցառումն ուղեկցվեց հայկական ազգային երգ-երաժշտությամբ, փահլևանով, հայկական ժողովրդական հեքիաթների հերոսներով և այլ ավանդական կերպարներով ու խաղերով: Տեղի ունեցավ նաև «Քաջ Նազար» հեքիաթի բեմադրությունը, որը մեծ խանդավառությամբ դիտեցին օրվա չարաճճի հերոսները, իսկ հնի ու նորի խաչմերուկում հայտնված դինոզավրերը ապահովեցին երեխաների լուսավոր ժպիտներն ու դրական էմոցիաները:

Միջոցառմանը մասնակցում էին մանկատան և անապահով ընտանիքների փոքրիկները, գործարանին կից  բնակվող, աշխատակիցների և ջավախքցի երեխաները, որոնց գունեղ օրն ամփոփվեց փոքրիկ նվերներով:

Այս համամարդկային տոնը նշվում է ամբողջ աշխարհում և նորից վկայում, որ մոլորակի բոլոր փոքրիկները խաղաղ, երջանիկ, անհոգ ու լուսավոր մանկություն ունենալու իրավունք ունեն:

Միջոցառմանը աջակցում էին նաև «Սովռանո», «Վիդիս Դիստրիբյուշն», «Դիստրիմեքս», «Յունիքորն Թրեյդ» ընկերությունները:

Scroll Up