Արթուր Օշականցու ցուցահանդեսը Վանաձորում

Հունիսի 18-ին Լոռու մարզկենտրոնում կազմակերպվեց աչք եւ հոգի շոյող միջոցառում. բացվեց լոնդոնաբնակ նկարիչ Արթուր Օշականցու ցուցահանդեսը (գործելու է մինչեւ հուլիսի 9-ը):

Ճասնաչված նկարչի մասին «Հայերն այսօր»-ի թղթակցին մշակութաբան Հասմիկ Գուլակյանն ասաց.

«Կարծում եմ` մեծ համարձակություն է պահանջվում, մասնագետ չլինելով, հրապարակավ խոսել մի արվեստագետի մասին, որի ստեղծած արժեքներին լավ ծանոթ չես, իսկ ծանոթանալու համար ժամանակ է հարկավոր: Իսկ եթե ասենք, որ նրա ստեղծագործությունը բավական բարդ է, եւ հասկանալու համար պետք է լավ ճանաչես հեղինակին, դարձյալ քիչ բան ասած կլինենք, որովհետեւ դարձյալ հղելու ենք ժամանակը: Այսինքն` բարդ երեւույթն ընկալելու եւ գնահատելու համար ժամանակ է հարկավոր, այլապես չես կարողանա այն ինչ-որ չափով մարսել: Սակայն մեր հայրենակիցը` Արթուր Օշականցին, մեզ այդքան ժամանակ չի տալիս, որովհետեւ ինքը ժամանակ չունի դրա համար, իսկ նրա արվեստը, որ իրոք բարդ է, հասկանալու համար որոշակի հոգեմտավոր պաշար, արվեստի ու գեղեցիկի ընկալման որոշակի ունակություն եւ վառ երեւակայություն է պահանջվում, գույների խորհրդի ու փիլիսոփայության, ինչպես նաեւ գեղագիտության ներդաշնակ զգացողություն:

Արթուր Օշականցին գեղանկարիչ է: Նա նախընտրում է նկարել ոչ այնքան մարդկանց, որքան նրանց հոգեվիճակները, մտահայեցումները, ապրումները, հույզերը, ներաշխարհը, կարճ ասած` սիրում է պատկերել հոգեհոսք: Նա նկարում է վերացարկված, տրանսցենդենտալ: Հոգին պատկերելու համար նա դիմում է խորհրդանշական լեզվի` գույների: Բայց ինչպե՞ս նկարել մարդու հոգու եւ մարմնի ներդաշնակությունը, այսինքն` դեպի վեր, դեպի լույսը, կատարելությունը, այսինքն` Աստծուն ձգտող հոգու միությունը կրքերին կամ նյութականին` առարկայականին, հողին, փողին, քարին, չարին, խավարին եւ այլնին փարված կամ գամված մարմնի հետ: Պատասխանը նկարիչն ինքն է տալիս՝ հավատացած, որ բարձր արվեստն է մաքուր պահում հոգու էկոլոգիան: Այստեղ կարող է հարց ծագել` գո՞ւյնը, թե՞ փիլիսոփայությունն են առավել օգտակար` նույն այդ հոգու էկոլոգիան առողջացնելու համար: Այս պարագայում էլ հստակ է, ըստ իս, արվեստագետի պատասխանը, այն է` գույնի եւ փիլիսոփայության ներդաշնակությունը, որովհետեւ նկարիչներն իրենց ասելիքը, այսինքն` փիլիսոփայությունը, գույներով են ներկայացնում: Իսկ փիլիսոփայության նպատակը հոգու տեսածն ու ընկալածը ըստ կարելվույն գունագրելն է:

Արթուր Օշականցու արվեստը հասկանալու համար պետք է կարողանալ թափանցել նրա գույների բազմիմաստ աշխարհը. դրանք մե՛րթ լուսանցիկ են ու լուսասփյուռ, մե՛րթ եթերային ու թրթռուն, մե՛րթ հագեցած ու խիտ, եւ միշտ զուլալ ու կենսալի, միշտ մաքուր ու բյուրեղացված: Դրանք հնչող, շնչող, ճախրող գույներ են` իմաստավորված երանգներով ու գծերով, գեղեցիկ ու թեւածող ապրումներ ծնող, երբեմն` դրամատիկ ու ըմբոստ, վերացարկված մարտահրավերներով, բայց միշտ հավասարակշռված ու ոգեղեն: Դրանք անխառն զգացողություններ են, հույզեր, տրամադրություններ, տարածական պատկերներ, նայած թե ինչ հոգեվիճակով ես դիտում այդ կտավները եւ ինչ տեսանկյունից: Չի բացառվում, որ տարբեր պահերի փոխվեն նախկին զգացողություններդ` ավելի հարստացնելով նախորդ տպավորություններդ, կամ բացեն նոր շերտեր: Արթուր Օշականցու գույների համանվագն ստիպում է մտածել լույսի ու լուսավորի մասին, վեհացնում է, ազնվացնում, վարակում արարման ցանկությամբ: Ես, որ գույներ շատ եմ սիրում, կարեւորում եմ նրա վրձներանգները` անկախ այն բանից, թե ինչ է նկարել նա կամ երբ է նկարել: Հոգիդ խաղաղվում է նրա գույների համանվագին առնչվելիս: Նրա կտավներից մեղեդի է հոսում: Սա, կրկնում եմ, իմ՝ ոչ մասնագետիս կարծիքով ու զգացողությամբ: Այստեղ ցուցադրված են նաեւ նկարչի վաղ շրջանի գործերից: Եվ տեսնում ենք, թե ինչպես է նա 1980-ական թվականներին արտահայտել իր բողոքը եւ անհանդուրժողականությունը սովետական կարգերի ու բարքերի դեմ. խոսուն ու հստակ են նրա գույների համադրությունն ու հակադրությունը: Այն շրջանում նրա միտքն արդեն իսկ առաջ էր անցել ժամանակից. դա զգացվում է կտավներին փոխանցած արվեստագետի զգացումներից, հոգեւոր լիցքերից, ապրումների խորությունից, զգացողությունների ներդաշնակության փնտրտուքներից, լուսագունային անցումներից: Բանաստեղծական են անգամ այդ գործերի վերնագրերը, երբ թեման քնարական չէ կամ հեռու է այդպիսին լինելուց:

Ըստ իս` Արթուր Օշականցի նկարիչը բանաստեղծ է, որովհետեւ բանաստեղծական են նաեւ նրա նկարների վերնագրերը: Պատկերացնո՞ւմ եք` մարդը Մեծ եղեռնին նվիրված ցուցահանդես է բացում «Թրատված հոգիներ» խորագրով: Թվարկեմ մի քանի գործերի վերնագրեր այդ ցուցահանդեսից ` «Գարուն ա, ձուն ա արել», «Դե ե´կ վարդապետ ու մի խենթանա», «Խախտված ներդաշնակություն», «Վարդագույն հոգեւարք» եւ այլն: Այլ վերնագրերից` «Լույսի տոն», «Լույսի հանգրվան», «Խորհրդավոր հոգեհոսք», «Լուսավոր հոգեհոսք», «Վերհառնում», «Դրախտի թռչունը», «Բակն արեւով լցվել է», «Թիթեռների տունը», «Դեղին պար» եւ այլն: Չնայած Արթուր Օշականցին սիրում է իրեն հեռու համարել բոլոր տեսակի «իզմ»-երից ու «իստ»-երից, սակայն Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը 2003 թվականին նրան հռչակել է «աբստրակտ նատուրալիզմի» հիմնադիր` արվեստի պատմության մեջ: Պարզվում է` բազմաթիվ «իզմ»-երով ու «իստ»-երով հարուստ համաշխարհային մշակույթի պատմության մեջ նոր «իզմ»-ի պակաս կար, եւ այս անգամ այն պետք է լրացներ մեր հայրենակիցը: Իսկ թե որքանով են համադրելի «աբստրակտ» եւ «նատուրալիզմ» հասկացությունները` որպես արվեստի այդ ճյուղին բնորոշ արտահայտություններ, թող ասեն ավելի գիտակները:

Արթուր Օշականցին սկզբունքային եւ գաղափարական մտավորական է, հստակ հավատամք ունեցող արվեստագետ, որը միշտ եւ ամենուրեք հավատում ու ապավինում է նախ եւ առաջ հայրենի բնությանը. նման տպավորություն եմ ստացել վերջին մեկ ամսվա ընթացքում եւ՛ մեր զրույցների, եւ՛ նրա որոշ գործերին ծանոթանալու ընթացքում: Սա հասկանալուց հետո ինքնըստինքյան պարզում ես նաեւ, թե որտեղից են սերում նրա հավատավոր արվեստի ակունքները` այդքան զուլալ, բարի, լուսավոր, ազգային, այդքան համամարդկային: Արթուր Օշականցու արվեստի մեջ, ինչպես արդեն ասացի, շատ չեմ խորացել եւ չեմ էլ կարող ասել, թե ինչ կտա ինձ նման փորձը, բայց որ նրա ասելիքը չեմ շփոթի այլոց հետ, հասկացա արվեստագետի մի շարք գործեր դիտելուց հետո: Ցավոք, նկարչի վերջին շրջանի աշխատանքներն ինձ ծանոթ չեն, բայց կարծում եմ, որ դրանք գույների շքահանդես պետք է լինեն, որովհետեւ ստեղծվել են ավելի հասուն տարիքում` որպես կյանքի փորձ ունեցող եւ իմաստնության ուղին բռնած մտավորականի հստակ համոզմունքներով ձեւավորված ասելիք»:

Scroll Up