Ջիվանին ու Տյումենի «Կարոտը»

«Հայերն այսօր» Հայ երգարվեստի պատմության մեջ կան մեծություններ, որոնց արժեքը ժամանակն ու տարածությունը չեն նվազեցնում. նրանք ապրում են ժողովրդի մեջ, դառնում նրա  հոգու թարգմանը, գոյության իմաստն ու  ապրելու խորհուրդը։

Հայ աշուղական արվեստը, սկսած Գողթան երգերից, խորհուրդների, խրատների, փիլիսոփայական խոր մտքերի հսկայական շտեմարան է, որից  օգտվում ենք, գտնում մեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները։

Մեզ համար այդպիսի մեծություն է «աշըղների աշըղ» մեծն Ջիվանին։ Նա եկավ, որպեսզի դառնա իր ազգի  ժամանակագիրը և նրա ցավի ու տառապանքի, կարոտի ու երազանքի արձագանքը։ Շուրջ մեկ ու կես դարից ավելի Ջիվանու ստեղծած երգերը ապրում են մեր մեջ՝ իրենց քնքուշ ու հոգեթով մեղեդայնությամբ, կյանքի խոր իմացությամբ, դաստիարակում են մեզ բարության, սիրո, կարեկցանքի ոգով։

Ջիվանին մի փայլուն աստղ է հայ աշուղական արվեստի երկնակամարում և առատորեն լուսավորում է մեր ուղիները։ Հայ իրականության մեջ ոչ մի աշուղ  այնպես չի սիրվել ժողովրդի կողմից, ինչպես Ջիվանին։ Դրա վառ արտահայտությունը ՌԴ Տյումենի մշակույթի տանը կից գործող «Կարոտ» գրական  ակումբի  կազմակերպած երեկոն էր՝ նվիրված սիրելի աշուղին։

Պետք է խոստովանել, որ այսքան մարդաշատ դեռ չէին եղել մեր երեկոները։  Դահլիճը լիքն էր  ջիվանասերներով։ Նույնիսկ Տյումենի շրջաններից  աշուղական երգի սիրահարներն էին եկել՝ առնչվելու «աշուղական արվեստի Մաշտոցի», «երգարվեստի Կոմիտասի»  հետ։

Զարմանալի չէ տեսնել մարդկանց այս հիասքանչ բազմությունը։ Ջիվանին միշտ կանգնած է եղել իր ժողովրդի կողքին, պայքարել նրա անկախության համար, իսկ այսօր ժողովուրդն է եկել ևս մեկ անգամ հաղորդակցվելու նրա հետ, ևս մեկ անգամ սիրո խոստովանություններ անելու։

Մեծ աշուղի կենսագրությունը սիրով ներկայացրին ակումբի վաղաբնակ, ջիվանասեր և ջիվանագետ տիկին Մայրանուշն ու Նորայրը։ Նրանք կարծես թե մեզ տեղափոխեցին Կարծախ, ականատես դարձրին մանուկ Ջիվանու ողբերգական ճակատագրին։  Զգացինք ու սգացինք նրա կորուստը, տեսանք ծով թախիծով լեցուն աչքերը, ապա նրա կամքի հզոր ուժը և բարձունքներ հաղթահարելու մեծագույն ձգտումը։ Հասկացանք, որ Ջիվանին կապրեցնի իր նման հազարավորների, որոնց համար սպեղանի են լինելու իր երգերը՝ հուզառատ, պարզ ու հանճարեղ։

Երեկոն հագեցած էր Ջիվանու թովիչ երգերով, որոնք կատարվեցին մեծ վարպետությամբ։ Դյութիչ ձայները մեզ վերացրել էին իրականությունից, տարել հեռու մի աշխարհ, ուր բանականությունը լուռ էր, իսկ  հոգին՝ ազատ ճախրում։ Ողջ դահլիճը կլանում էր մանկությունից իր ականջը շոյող անապակ հնչյունները, որոնք այնքան մտերիմ էին, այնքան հարազատ։ Դրանք մերթ մորը կորցրած որբի կարոտն էին ու հառաչը,  մերթ՝ քնքուշ սիրո գովքը, մերթ՝ հայրենիքի պաղ աղբյուրի քչքչոցը, մերթ՝ արև ու քաղցրահամ պտղի գույնն ու բույրը։ Երգերի կատարումները  ինքնաբուխ էին, զուլալ։ Իսկ լուսավոր  ու հանճարեղ «Ձախորդ օրերը» երգի հզոր կատարումը վեր էր ամեն գովասանքից։ Մեր սիրելի երգիչները՝ Նորայրը, Հերմինեն, Իրինան, Արսենը, Սերգեյը, Անին, Հասմիկը յուրահատուկ քնքշությամբ ու ակնածանքով էին կատարում երգերը։

Ասմունքի յուրաքանչյուր  կատարումը բացում է Ջիվանու նրբահյուս հոգու ամեն մի անկյունը։ Ասմունքողներն էլ փորձում են  գերազանցել մեկը մյուսին։ Ու Ջիվանու առատ «մառանից» ըմբոշխնում ենք, հագեցնում մեր հոգիների  ծարավն ու քաղցը։ Իսկ Կարծախից սերվածները հպարտությամբ պատմում են իրենց լսածը մեծ աշուղի մասին։ Հասկացանք այսօր մի պարզ ճշմարտություն. Ջիվանին և, իհարկե,  աշուղական ողջ արվեստը դարերով նստած է մեր մեջ, դարձել է մեր կեցության մասն ու  իմաստը։

Ամենաթանկ բանը այս երեկոյի՝  մեր երիտասարդների մասնակցությունն էր։ Իսկ երբ համայնքի ղեկավարն է մասնակցում, իր իսկ ներկայությամբ ոգևորում բոլորիս, արդեն պարտավորեցնող է. կարևորվում, արժևորվում է մեր ակումբի  աշխատանքը։

Գլուխ եմ խոնարհում բոլոր մասնակիցների առաջ՝ մեր մշակույթի գանձերը այսպես պահպանելու համար, մեր երեկոներըն այսքան լեցուն դարձնելու համար, այս ջերմ մթնոլորտի, այս միասնականության, այս հայրենանվեր մեծ գործի համար։ Փորձում ենք ավարտել երեկոն, ու չի ստացվում։ Անհունորեն քաղցր, մոգական մի ուժ մեզ չի թողնում հեռանալ։ Հույզերն ու ապրումները միախառնվել են իրար, դարձել բերկրանք, լցվել սրտներս։

Շ ն ո ր հ ա կ ա լ ու թ յ ուն,   ի մ  ս ի ր ե լ ի´  « կ ա ր ո տ յ ա լ ն եր» ։

Մ. Առաքելյան

Scroll Up