Գլենդելի «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության շրջանավարտների ավարտական միջոցառումը

Մայիսի 17-ին տեղի է ունեցել Գլենդելի «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության շրջանավարտների ավարտական հանդեսը: Տոնական միջոցառումն ազդարարվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական օրհներգերով և աղոթքով, որից հետո օրհնության խոսք է ասել Արժանապատիվ Տեր Կոմիտաս ավագ քահանա Թորոսյանը:

Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը, միջոցառմանը ներկա են եղել հաստատության նախագահ Վահիկ Ծատուրյանը, տնօրեն Օֆելյա Ծատուրյանը, Գլենդելի քաղաքապետարանից Զարեհ Սինանյանը, Վարդան Կարապետյանը, Վրեժ Աղաջանյանը, Գլենդելի կրթական խորհրդից՝ դոկտոր Արմինե Կարապետյանը, Շանթ Սահակյանը, դոկտոր Մարի Մասոնը, Բըրբանքի կրթական խորհրդից՝ Արմոնդ Աղաջանյանը, ծնողներ և այլ հյուրեր:

«Աշակերտները մեծ ոգևորությամբ ասմունքել, երգել ու պարել են, ուսուցչուհիներից մեկն էլ քանոն է նվագել՝ այդպիսով մեկ անգամ ևս ցույց տալով, որ հայի ոգին անպարտ է: Բարի՛ երթ եմ մաղթում մեր սիրելի աշակերտներին»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Վահիկ Ծատուրյանը՝ հավելելով, որ շարունակելու են նույն ավյունով օտարության մեջ ապրող հայ երեխաներին հայեցի կրթություն տալու գործը:

Ողջույնի խոսքում բարձրաստիճան հյուրերը, ուսուցչուհիներն ու ծնողները կարևորել են Սփյուռքում «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության առաքելությունը՝ շեշտելով, որ աշակերտներն այնտեղ հայերեն սովորելուց բացի, հնարավորություն են ունենում նաև ծանոթանալ Հայաստանի պատմամշակութային արժեքներին, պահպանել ինքնությունն ու զերծ մնալ ձուլման վտանգից:

Վերջում տնօրենությանն ու ուսուցչուհիներին երախտագիտության սրտաբուխ խոսք են ասել աշակերտները՝ ընդգծելով, որ դպրոցն իրենց կյանքում առանձնահատուկ նշանակություն է ունեցել՝ Մայրենին անաղարտ պահելու հարցում, որ ուրախությամբ են հաճախել դասերին, քանի որ իրենց նկատմամբ միշտ զգացել են հոգատար վերաբերմունք:

Ավարտական հանդեսը եզրափակվել է կրթական հասատության «Պայքար ձուլման դեմ» հիմնի միասնական կատարումով:

 

 

Scroll Up