Ամերիկայում ներկայացվել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները   

«Հայաստանում տեղի են ունեցել էական փոփոխություններ, որոնք ստեղծում են նոր հնարավորություններ գործարարների համար: Օրենսդրական դաշտը, շուկայի կառուցվածքն ուսումնասիրելով և մասնագիտական խորհրդատվության արդյունքում մշակված բիզնես ծրագրի դեպքում՝ հնարավոր է հաջողված գործ հիմնել հայրենիքում»,- Հայաստանի գործարար միջավայրի ու ներդրումային դաշտի հնարավորությունների մասին բանախոսության ժամանակ իր խոսքում նշել է Հայաստանի ֆինանսական ոլորտում երկարամյա փորձառություն ունեցող մասնագետ Մինաս Սահակյանը` մայիսի 14-ին Հայ-ամերիկյան գործարար խորհրդի կազմակերպած ձեռնարկի ժամանակ:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով «Ասպարեզ» օրաթերթին, հայտնում է, որ կազմակերպության խորհրդի անդամ Սահակյանը պատմել է, որ Հայաստանում չհաջողված գործարքներ ունեցած սփյուռքահայ ներդրողների հետ զրույցներից պարզել է, որ նրանց խնդիրները նմանատիպ են եղել: «Նախկինում սփյուռքահայ գործարարները հիմնականում  փորձել են ծանոթների, ընկերների միջոցով և նրանց հետ միասին գործ հիմնել` խորությամբ չտիրապետելով օրենսդրական դաշտին: Նրանք, չբնակվելով Հայաստանում, աշխատանքի մասին տեղեկություն են ստացել հաշվետվությունների միջոցով, ինչը, որոշ ժամանակ անց, հանգեցրել է ենթակայական և առարկայական պատճառներով խնդիրների: Նման դեպքերի արդյունքում ձևավորվել է ՀՀ ներդրումային դաշտի մասին ոչ դրական պատկերացում: Սակայն, կան նաև բազմաթիվ հաջողված պատմություններ: Իմ զեկույցում այսօր ներկայացնում եմ այն ռիսկերը, որոնք հնարավոր են Հայաստանում ներդրումներ կատարելիս, և թե ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկել՝ հաջողելու համար»,-նշել է Սահակյանը:

Նա առաջարկում է Հայաստանում գործ հիմնելուց առաջ դիմել խոհրդատվական ընկերությունների` շուկայի հնարավոր ռիսկերի մասին տեղեկանալու համար: Սահակյանը կարևորում է ներդրումների ժամանակ պահեստներ ունենալը (25-30 տոկոսի չափով)` նշելով, որ Հայաստանի շուկան անկանխատեսելի է, և որքան էլ ծրագիրը լավը լինի, առանց պահեստների հնարավոր չի լինի կառավարել դրամական հոսքերը: «Հայաստանում այսօր հետաքրքիր իրավիճակ է. բանկերն ունեն  մեծ գումարներ, սակայն չկան այնպիսի բիզնեսներ, որոնց ֆինանսավորմամբ նրանք հետաքրքված կլինեն. եթե փոքր բիզնես է, և բավական դրամական միջոցներ չի գեներացնում, բանկերը կխուսափեն վարկ տրամադրել: Սակայն եթե խոշոր ներդրող կա, որը ապահովում է իրացում և դրամական հոսքերի կայունություն` այդ պարագայում Հայաստանում կարելի է ավելի հեշտ դրամական միջոցներ գտնել, քան այստեղ:

Մինաս Սահակյանն այնուհետև ներկայացրել է ներդրումների համար առավել շահավետ ոլորտները: «Ներկա պահին նոր հնարավորություններ են ստեղծվում  գյուղատնտեսության ոլորտում. կառավարությունը նախատեսում է իրականացնել հողերի խոշորացման ծրագիր, որի արդյունքում հնարավորություն կլինի գրավիչ շահույթ ակնկալել: Մյուս ոլորտները` գյուղմթերքների և շինանյութերի արտադրությունն է: Հայաստանը հայտնի է իր սիլիկատներով, կվարցներով, ինչպես նաև մերլիտի լավագույն հանքերով», տեղեկացրել է Սահակյանը: Նա խոսել է նաև զբոսաշրջության՝ որպես շահավետ ճյուղի մասին:

Հայ-ամերիկյան գործարար խորհրդի ձեռնարկի խոսնակը ՀՀ տնտեսության զարգացման համար կարևորում է համակարգային փոփոխությունը` նշելով, որ գործարարները դեռ անվստահություն ունեն` պայմանավորված հարկային, մաքսային մարմինների հետ: «Ներդրումներ գրավելու ճիշդ ճանապարհը հիմնադրամային սակարանների ստեղծումն է, բայց այն տնտեսական քաղաքականության միայն վերջին օղակն է: Կառավարությունը պետք է կատարի մի քանի քայլ, որ սակարանն իմաստ ունենա, որոնք են` օրենսդրական դաշտի, տնտեսության կառուցվածի փոփոխությունը, և կարևորը` ընկերային կառավարման համակարգի ներդրումը»:

Հայ-ամերիկյան գործարար խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանն էլ նշել է, որ կազմակերպության նպատակն է խթանել և ամրապնդել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև տնտեսական և առևտրային հարաբերությունները, ստեղծել համապատասխան միջավայր երկու երկրների գործարարների համար ծանոթանալու և ներկայացնելու իրենց գործնական հնարավորություններն ու արտադրանքը, նպաստել Հայաստանում ներդրումների ավելացմանը:

Ձեռնարկի առաքելությունը կարևորել, և Հայաստանում ձևավորված նոր իրողությունների մասին խոսել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը:

Ձեռնարկին ներկաները, որոնց թվում էին տարբեր ոլորտներում ներդրում կատարել ցանկացող  գործարարներ, առիթ ունեցան հարցեր ուղղելու բանախոսին, ինչպես նաև Հայաստանում հաջողությամբ աշխատող գործարարների, որոնց թվում էր ամերիկահայ Ռուբեն Հակոբյանը, որը  Հայաստանում հիմնել է փիրուզ քարի արտադրություն:

Scroll Up