Զապորոժիեի հայ համայնքը նյութական աջակցություն է ցուցաբերել Երկրապահին. տեսանյութ

Երկրապահ կամավորականների միությունն (ԵԿՄ) իր հայրենասիրական առաքելությունն իրականացնելիս համաժողովրդական  աջակցություն է ստանում:

Ինչպես «Հայերն այսօրին» հայտնում են ԵԿՄ լրատվության բաժնից, մայիսի 22-ին  ԵԿՄ վարչությունը հյուրընկալել է Զապորոժիեի (Ուկրաինա) հայկական  համայնքի  նախագահ Արտաշես Սարգսյանին, ով, կարևորելով Երկրապահի գործունեությունը, իր համայնքի կողմից նյութական աջակցություն ցուցաբերեց մեր բանակի թիվ մեկ ռեզերվ հանդիսացող հասարակական կազմակերպությանը:

Ա. Սարգսյանը հաճախ է լինում Հայաստանում և սատարում հայրենասիրական ծրագրեր իրականացնող կառույցներին: Այս անգամ որոշել է աջակցել Երկրապահ կամավորականների միությանը, քանի որ. «Որքան ուժեղ է մեր զինվորը, այնքան հզոր է մեր հայրենիքը: Իսկ երկրապահ կամավորականը մշտապես հայ զինվորի կողքին է` նրա աջակիցը»,- նշել է Զապորոժիեի հայ համայնքի ղեկավարը:

Նա նաև կոչ է արել աշխարհասփյուռ հայերին հետևել իրենց համայնքի օրինակին` աջակցություն ցուցաբերել վերակազմավորված ԵԿՄ-ին` զորակցելով և սատարելով երկրապահի իրականացրած հայրենանվեր գործունեությանը:

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանին և փոխնախագահ Մանվել Եղիազարյանին Արտաշես Սարգսյանը փոխանցեց Զապորոժիեի հայ համայնքի խորհրդանշական պարգևները:

Սասուն Միքայելյանը շնորհակալագիր հանձնեց Ա. Սարգսյանին և վստահեցրեց, որ ինչպես այս, այնպես էլ հետագա աջակցություններն իր ղեկավարած կառույցը  կծառայեցնի միմիայն ազգանպաստ գործունեության իրականացման համար:

Scroll Up