Օպերային երգիչ Ադամ Բարրոն ներկայացրել է Շառլ Ազնավուրին նվիրված նոր երգը. տեսանյութ

«Հայերն այսօր»-ը նախապես տեղեկացրել էր, որ երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը հոկտեմբերի 1-ին, լսելով Շառլ Ազնավուրի մահվան լուրը, մեկ գիշերվա ընթացքում նրա հիշատակին նվիրված «Մեր Շառլը» երգն էր գրել, որը կատարում է երգչուհի Մաշա Մնջոյանը:

Արա Գևորգյանը որոշել էր երգը նաև անգլերեն և ֆրանսերեն ձայնագրել, որոնք պետք է կատարեին ամերիկահայ և ֆրանսահայ երգիչ-երգչուհիները:

Երգի ֆրանսերեն տարբերակը Արա Գևորգյանն առաջարկել էր ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոյին:

«Ինձ համար, որքան էլ մեծ լինի ցանկությունս, միշտ դժվար է երգել այն պահերին, երբ շուրջս արհավիրք է ու մահ: Ուրախ եմ մեծ շանսոնյեի ծննդյան օրը ներկայացնել մի քանի ամիս առաջ Հայաստանում արված իմ ձայնագրությունը:  Անչափ շնորհակալ եմ Արա Գևորգյանին՝ ինձ հիշելու և վստահելու համար: Ես փորձել եմ մեր մեծ կորստի ցավը փոխանցել ձայնի միջոցով»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Ադամ Բարրոն:

Հավելենք, որ ֆրանսերեն տեքստը գրել է  Զավեն Հարությունյանը:

Scroll Up