ԼՂ հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառում ԱՄՆ Կոնգրեսում

Մայիսի 16-ին ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցավ ԼՂ հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակի կապակցությամբ միջոցառում, որը կազմակերպվել էր Հայկական հարցերի հանձնախմբի և Ականազերծման հարցերի հանձնախմբի կողմից:

Ինչպես «Հայերն այսօրին» հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, միջոցառմանը խոսքով հանդես եկավ Հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ և Ականազերծման հարցերի հանձնախմբի հիմնադիր համանախագահ կոնգրեսական Ջեքի Սփիրը, որն անդրադարձավ Արցախում ականազերծման գործընթացի կարևորությանը` նշելով, որ շարունակելու է Հանձնախմբերի շրջանակում աջակցել վերոնշյալ առաքելություններին Արցախում և ամբողջ աշխարհում:

Դեսպան Ներսեսյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց կոնգրեսական Սփիրին միջոցառումը կազմակերպելու համար, ինչպես նաև բարձր գնահատեց Հայկական հարցերի և Ականազերծման հարցերի հանձնախմբերի գործունեությունը: Դեսպան Ներսեսյանն ընդգծեց հակամարտության տևական կարգավորման նպատակով Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվածության անհրաժեշտությունը` կարևորելով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԱՄՆ միջնորդական ջանքերն` ուղղված հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց նաև Արցախում ականազերծում իրականացնող «Հալո Թրաստ» կազմակերպության ներկայացուցիչներին:

Միջոցառումն ուղեկցվեց Արցախում «Հալո Թրաստ» (Halo Trust) կազմակերպության գործունեությանը նվիրված նկարների ցուցահանդեսով:

Scroll Up