Շառլ Ազնավուրի մանկության տան պատին տեղադրվել է հուշատախտակ

Մայիսի 21-ին՝ ֆրանսահայ աշխարհահչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան նախօրեին, Ազնավուր ընտանիքի փարիզյան առաջին բնակարանի պատին տեղադրվել է հուշատախտակ:

Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը, բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, քաղաքային իշխանությունների, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ, նշանավոր անձինք և, իհարկե, Ազնավուր ընտանիքի անդամները:

Հուշատախտակը տեղադրվել է Փարիզի 6-րդ շրջանի Մսյո լը Պրենս 36 հասցեում, որտեղ Փարիզ ժամանելուց հետո բնակություն է հաստատել Ազնավուրյանների ընտանիքը, որտեղ և անցել է Շառլ Ազնավուրի մանկությունը։

«Զգացված եմ, որ մեր սերունդների համար փակցվեց աշխարհահռչակ հայի հուշատախտակը, ինչպես նաև շնորհակալ եմ Ֆրանսիային՝ իր զավակներին չմոռանալու համար»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց միջոցառմանը ներկա ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն:

Հավելենք, որ մեծանուն արտիստի ծննդյան տարեդարձին ընդառաջ և ամբողջ տարվա ընթացքում  աշխարհի տարբեր անկյուններում նրա արվեստը նշանավորող միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, համերգներ, հուշարձանների բացում, հանրային վայրերի, հաստատությունների անվանակոչություն են կազմակերպվելու:

Մայիսի 22-ին լրանում Շառլ Ազնավուրի 95-ամյակը։

 

 

 

 

Scroll Up