Արմեն Գրիգորյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Վաշինգտոնում

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (Armenian National Committee of America) գլխամաս և հանդիպել կազմակերպության ղեկավար կազմի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպման մեկնարկին քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է իր աշխատանքային այցի մանրամասները, տեղի ունեցած և նախատեսվող հանդիպումները, միջոցառումները և գրանցված արդյունքները։ ԱՀԱԿ գործադիր տնօրեն Արամ Համպարյանը ներկայացրել է կոմիտեի ներկայիս աշխատանքները և նպատակները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։

Ավելի ուշ ԱԽ քարտուղարը հանդիպել է «Ամերիկայի հայկական համագումարի» (Armenian Assembly of Armenia) գործադիր տնօրեն Բրայան Արդունիի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների, ԱՄՆ հայկական համայնքի և սփյուռքի կառույցների հետ համագործակցության օրակարգային հարցեր։

Scroll Up