Երուսաղեմում ուխտագնացություն է կատարվել դեպի «Պարոն Տեր» կալվածք

Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանությունը և սաղիմահայությունը մայիսի 18-ին ուխտագնացություն էին կազմակերպել «Պարոն Տեր» կալվածքում գտնվող 2015 թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Հիշատակի պուրակ:

«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ, պուրակի խաչքարի առջև կատարվել է հոգեհանգստյան կարգ Ս. Աթոռի պատրիարքների, միաբանների ու եկեղեցական սպասավորների և բոլոր հայ ննջեցյալների համար, որից հետո ներկաներին օրվա պատգամը փոխանցել է հանդիսապետ Գերշ. Տ. Սևան Արք. Ղարիբյանը:

Ուխտագնացության ավարտին ներկաներին բաժանվել է մատաղ:
Հավելենք, որ արդեն ամենամյա դարձած այս ուխտագնացությունը Հիշատակի պուրակի հիմնումից հետո չորրորդ անգամն էր կազմակերպվում:

Այն հաստատվել է Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի կողմից և գրանցվել է Երուսաղեմի Եկեղեցական օրացույցում:

 

Scroll Up