Եռատոնն Ախալքալաքում

Եռատոնն ամեն տարի ավանդաբար նշվում է Ախալքալաքի երիտասարդական կրթամշակութային  (ԱԵԿ) կենտրոնում։ Իսկ այս տարի մայիսի 9-ը Ջավախքի երիտասարդական կենտրոնների մանկավարժներից 3-ի համար դարձավ Քառատոն, քանի որ իրենց հայրենանվեր աշխատանքի համար արժանացան ՀՀ սփյուռքի նախարարության կողմից պարգևատրման։ Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի պատասխանատու Կարինե Թադևոսյանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով, Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնի (ՆԵԿ) մանկավարժ Լալա Շահբեկյանն արժանացավ «Մայրենիի դեսպան» մեդալի, իսկ Ախալցխայի երիտասարդական կենտրոնի պարուսույց Տիրուհի Համբարձումյանը՝ պատվոգրի։ Պարգևատրումը կատարեց Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը: Նա շնորհակալություն հայտնեց մանկավարժներին տարածաշրջանում հայրենանվեր և հայապահպան գործունեություն ծավալելու համար, մաղթեց նրանց առողջություն և ստեղծագործական նորանոր ձեռբերումներ։

Պարգևատրման արարողությանը հաջորդեց տոնական միջոցառումը, որը բացվեց Վրաստանի և ՀՀ-ի օրհներգներով և Տերունական Աղոթքի հնչեցմամբ։ Մեծ հպարտությամբ խոսվեց Շուշիի ազատագրման, Հայրենական պատերազմում հաղթանակի և Արցախի զինված ուժերի ստեղծման՝ Եռատոնի մասին։

Ախալքալաքի և Նինոծմինդայի երիտասարդական կրթամշակութային կենտրոնները հանդես եկան համատեղ համերգային ծրագրով․ հնչեցին ասմունք, հայրենասիրական երգեր թե՛ խմբակային, թե՛ մենակատարումներով և ներկայացվեց ազգային տարատեսակ պարեր։

Միջոցառմանն իր մասնակցությունը բերեց նաև Ջավախքի Պատանեկան միությունը «Պատերազմ եք գնում» երգի կատարմամբ։ Միջոցառումն ավարտվեց ԱԵԿ-ի և ՆԵԿ-ի սաների ու հանդիսատեսի «Կարնո քոչարու» միասնական կատարումով։

Իրենց ներկայությամբ միջոցառումը պատվեցին Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը, Ախալքալաքի քաղաքապետարանի երիտասարդության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Վալերի Ստելմաշովը, Մշակույթի տան ղեկավար աշուղ Ալիք Քսպոյանը և Անահիտ Ստելմաշովան, որը հանդես եկավ Ա․ Բաբաջանյանի մշակմամբ «Վաղարշապատ» դաշնամուրային կատարմամբ, Ախալքալաքի գավառագիտական թանգարանի տնօրեն Սեդա Համբարյանը, Ապագայի տան տնօրեն Սաթենիկ Պետրոսյանը, Ախալքալաքի թիվ 2 մանկապարտեզի տնօրեն Մարինե Ասլանյանը, ինչպես նաև մանկավարժներ՝ տարբեր դպրոցներից և ծնողներ։

Մայիսի 9-ը նաև Անահիտ Ստելմաշովայի ծննդյան օրն էր. շնորհավորելով նրան ծննդյան օրվա կապակցությամբ՝ Կարինե Թադևոսյանը կենտրոնի կողմից նրան հանձնեց հուշանվեր և ծաղկեփունջ։

Միջոցառման ավարտին շնորհավորական խոսքով հանդես եկան ԱԵԿ-ի պատասխանատու Կարինե Թադևոսյանը, Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը և աշուղ Ալիք Քսպոյանը, որն իր «Ջավախքի կանչը 5» նոր ձայնասկավառակը նվիրեց կենտրոնին։

Հավելենք նաև, որ նախքան միջոցառման սկսվելը ԱԵԿ-ը Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնի սաների համար կազմակերպել էր էքսկուրսիա դեպի Ախալքալաքի գավառագիտական թանգարան, իսկ Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդությունում հանդիպեցին Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանին։

Scroll Up