Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամի ներկայացուցիչներին

Մայիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամի ներկայացուցիչներին և Երկրորդ աշխարհամարտի հրամանատարների ժառանգներին` ուղեկցությամբ Ռուսաստանի հայերի միության անդամների: Այս մասին հաղորդում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը և Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամի նախագահ Նատալյա Կոնևան Նորին Սրբությանը ներկայացրեցին Հայաստան ժամանած խմբին, որի մեջ էին նաև մարշալ Հովհաննես Բաղրամյանի և մարշալ Համազասպ Բաբաջանյանի ժառանգները, անդրադարձան հիմնադրամի առաքելությանը և իրականացվող ծրագրերին:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց հիմնադրամի անդամներին` ողջունելով հիմնադրամի գործունեությունն ի պանծացումն հաղթանակը կերտած հերոսների: Իր խոնարհումը բերելով նրանց` Նորին Սրբությունը կարևոր նկատեց բոլոր այն քայլերը, որոնց շնորհիվ Երկրորդ աշխարհամարտում հերոսաբար զոհվածների և մարտնչածների հիշատակը կապրի հավերժ: Հայոց Հայրապետն ընդգծեց, որ այդ հիշատակը սուրբ և նվիրական է, այն պետք է պահել և փոխանցել հետագա սերունդներին:

Վեհափառ Հայրապետը անդրադարձավ նաև պատերազմում հայ ժողովրդի կարևոր մասնակցությանը, ինչպես նաև ի զորակցություն բանակի Հայոց Եկեղեցու գործադրած ջանքերին, որոնց արդյունքում ստեղծվեց «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը:

Խոսելով հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ Երկրորդ աշխարհամարտում արձանագրված հաղթանակն առավել ևս ամրապնդեց այդ եղբայրությունը: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ նման ձեռնարկները, ինչպիսին հիմնադրամի նախաձեռնությունն է, պիտի առավել սերտացնեն առկա ջերմ կապերը:

Վերջում Նորին Վեհափառությունը մաղթեց, որ երկու հավատակից ժողովուրդները շարունակեն նույն ոգով զորացնել իրենց հարաբերությունները` ապրելով Աստծու օրհնության ներքո խաղաղության ու բարօրության մեջ:

Scroll Up