Պոլսո Հայոց պատրիարքարի տեղապահի ընտրությունները կանցկացվեն հունիսին 

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մայիսի 13-ին այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան։

Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանի ֆեյսբուքյան էջը: Թուրքիայի ՆԳ նախարարի այցի ժամանակ պատրիարքարանում ներկա են եղել կրոնական ժողովի անդամները, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել պատրիարքական ընտրությանը: Ավելի ուշ Շիրինօղլուն Պոլսի «Ժամանակ» օրաթերթին հայտնել է, որ պատրիարքի տեղապահ, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը համաձայնել է անցկացնել պատրիարքի տեղապահի ընտրություններ։ Որոշվել է տեղապահի ընտրություններն անցկացնել հունիսի 23-ին կամ դրան հաջորդող օրերին:

Հիշեցնենք, որ ապրիլի 29–ին Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովում որոշում էր կայացվել, որ տեղապահի ընտրության կարիք չկա և պետք է պատրաստվել միայն պատրիարքի ընտրություններին։

Ստամբուլում մարտի 8-ին 62 տարեկանում մահացել էր Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։ Նա Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնը զբաղեցնում էր 1998 թվականից։ 2008 թվականից Մութաֆյանը դեմենցիա հիվանդության պատճառով գտնվում էր Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում։

Scroll Up