Տուրիզմի զարգացմանն ուղղված հանդիպումներ Ջավախքում

2019 թ. մայիսի 10-ին Ջավախքի Ախալքալաք և Ախալցխա քաղաքներում տեղի ունեցավ հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի զարգացմանն ուղղված հանդիպումների շարք  «Արտ Լանչ» և «Արտ Գեսթ Հաուս» ընկերությունների հիմնադիր Բակուր Մելքոնյանի հետ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «Ջավախքին աջակցություն» հիմնադրամից, հանդիպմանը ներկա էին «Գարդման տուր» զբոսաշրջության ընկերության տնօրեն Հայկ Մաղաքյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը, Վրաստանի ներկայացուցչության տնօրեն Արմեն Գրիգորյանը, Ախալցխայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում գործող ռեստորանների սեփականատերեր և ղեկավարներ:

«Արտ Լանչ»  ընկերության հիմնադիր Բ. Մելքոնյանն ընդգծեց, որ հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի հաջողության համար անհրաժեշտ է, որպեսզի գործարարներն իրենց ուժերը համատեղեն և ստեղծեն հյուրանոցների և ռեստորանների զարգացման ասոցիացիա։ Այս պարագայում գրագետ մասնագետների ներգրավումը կնպաստի մարքեթինգի ավելի հեշտ կիրառմանը, որն էլ իր հերթին կավելացնի մասնակիցների եկամուտը:

Նա նաև նշեց, որ հյուրանոցների համատեղ աշխատանքի և ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի տուրիստների մեծ հոսք ուղղորդել տվյալ տարածաշրջան՝ նպաստելով ոլորտի զարգացմանը:

Այս գաղափարը մասնակիցների կողմից հիմնականում հավանության առաջացավ և որոշվեց հաջորդ հանդիպմանն արդեն հիմնել ասոցիացիան:

ՋԱՀ-ի պատվիրակության ուղեկցությամբ Բ. Մելքոնյանը այցելեց նաև Թուրքիայի սահմանին գտնվող հայաբնակ Կարզախ գյուղ և եղավ Ջիվանու տուն-թանգարանում: Աշխատակիցները հյուրերին ընդունեցին կարզախյան բարիքներով և թանգարանի թոնիրում պատրաստված ուտեստներով:

Այսօր Հայաստանի տարածքում գործում է «Արտ Լանչ» սննդի 45 կետ։ Ընկերությունն ունի սննդի կետեր նաև Վրաստանում, Ռուսաստանում և Դուբայում:

Հանդիպումների շարքն իրականացվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ և միտված է զարգացնելու հյուրանոցային բիզնեսը և տուրիզմը Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում:

Scroll Up