Ամերիկաբնակ արձակագիր Մարգարիտ Դերանցը կներկայացնի իր նոր ժողովածուն 

«Զանգակ» գրատանը մայիսի 14-ին տեղի կունենա ամերիկաբնակ արձակագիր Մարգարիտ Դերանցի «Քրտնաձուկ» գրքի շնորհանդեսը: Բանախոսությամբ հանդես կգան գրականագետ Անի Փաշայանը և Պահպանողական կուսակցության նախագահ, բ.գ.դ. Միքայել Հայրապետյանը: Գիրքը «Քրտնաձուկ» է վերնագրվել ժողովածուում ընդգրկված պատմվածքներից մեկի վերնագրով, որտեղ ներկայացվում է ԱՄՆ-ում բանտարկված մի աղջկա պատմություն: Ի դեպ, «Քրտնաձուկ» կոչվում է նաև ամերիկյան հնդիկների աղոթատունը:

Մարգարիտ Դերանցի 16 նոր պատմվածքներից բաղկացած ժողովածուն նախանշում է թեմատիկ նոր տարածություններ և ներկայացնում է ոչ հայկական գեղարվեստական իրականություն: Հեղինակն իրեն բնորոշ հոգեբանական նուրբ լուծումներով պատկերում է մարդկային զգացմունքների և հարաբերությունների մի ամբողջ պատկերասրահ, որտեղ սկզբունք պահպանելը դառնում է գերագույն մարտահրավեր:

«Սա, ընդհանուր առմամբ, իմ հինգերորդ աշխատանքն է: Այս գիրքը գրելու համար հատուկ շարժառիք չկար, ես չեմ կարող չստեղծագործել, նոր պատմություններ կային կուտակված, որոնք անպայման պետք է հանձնեի ընթերցողի ուշադրությանը: Գիրքը հրատարակեցի «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի խորհրդով և նախաձեռնությամբ»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Մարգարիտ Դերանցը՝ հավելելով, որ գիրքն «Անտարեսն» ընդգրկել է իր՝ 21-րդ դարի մատենաշարի մեջ:

«Ընթերցողներիս շարքում երիտասարդների մեծ բանակ կա, որոնք, կարծես, արդիականացնում են իմ գրականությունը: Միշտ շոյվում եմ նրանցով: Առհասարակ, ես ոգեշնչում եմ ընթերցողներիս և հորդորում, որ երբեք չկորցնեն երազելու հատկությունը, որովհետև երազանքին հետապնդող մարդն ավելի հզոր ուժ է ներկայացնում իրենից: Պետք չէ վախենալ երազելուց, քանի որ բոլոր հաջողակ մարդիկ նախկին անհաջողակներն են, որոնք իրենց պայքարի ճանապարհին երբեք չեն հանձնվել»,-զրույցն ամփոփեց Մարգարիտ Դերանցը:

Scroll Up