«Նազանի» պարախմբի, Հակոբ Ղասաբյանի և դուդուկահար Արսեն Պետրոսյանի համատեղ համերգը Ֆրանսիայում

Մայիսի 5-ին Ֆրանսիայի Մոնս ան Բարոլի (Լիլ քաղաքի ագլոմերացիա) «Արարատ» միության «Նազանի» պարախումբը հանդես եկավ իր հերթական գալա-համերգով՝ «100 %» խորագրի ներքո: Այս տարի այն նվիրված էր Շառլ Ազնավուրի հիշատակին, որին մասնակցեցին Ֆրանսիայի «Ֆրանս 2» հեռուստաալիքի «Հրաշամանուկներ-2015» հեռուստամրցույթի երգ անվանակարգի հաղթող Հակոբ Ղասաբյանը և Հայաստանից հրավիրված դուդուկահար Արսեն Պետրոսյանը:

Ինչպես «Հայերն այսօրին» հայտնում են կազմակերպիչները, «Նազանի» պարախմբի գալա-համերգները տեղի են ունենում երկու տարին մեկ անգամ: Հոկտեմբերի 1-ի Շառլ Ազնավուրի մահվան տխուր լուրը փոխեց նախնական ծրագրի թեման և որոշվեց Հակոբ Ղասաբյանի և Արսեն Պետրոսյանի հետ համատեղ հարգանքի տուրք մատուցել մեծ երգչին: Ինքնըստինքյան առաջացավ նաև «100 %» խորագիրը, որը մեջբերում էր Ազնավուրի հանրածանոթ մի արտահայտությունից. «Ես ինձ զգում եմ 100 % ֆրանսիացի և 100 % հայ»: Այսպիսով, երեք տարվա պատմություն ունեցող պարախմբի (պարուսույց՝ Նարեկ Հակոբյան) տարբեր տարիքի քառասուն պարողների հեզական և առնական պարերը, Հակոբ Ղասաբյանի ազնավուրյան երգացանկի երգերի հիանալի կատարումները և Արսեն Պետրոսյանի դուդուկի թովիչ ձայնը շլացրեցին և հուզեցին հանդիսատեսին: 400-տեղանոց դահլիճը լեփ-լեցուն էր. ներկայացումից մեկ ամիս առաջ բոլոր տոմսերն արդեն վաճառվել էին:

Լիլի և հարակից շրջաների հայերի «Արարատ» միության հիմնական կոչումը Ֆրանսիայի հյուսիսում հայկական մշակույթի պահպանումն ու տարածումն է: Հայկական պարի պարապմունքները, հայոց լեզվի (ինչպես նաև ճատրակի) դասընթացները և պարբերաբար կազմակերպվող մշակութային միջոցառումները վերջին երկու տասնամյակի ընթացքում ձևավորված ֆրանսահայ այս համայնքի անդամներին հնարավորություն են տալիս ընկղմվել ազգային մշակութային միջավայրի մեջ՝ պահպանելով կապը ազգային ավանդույթների և, ինչո՞ւ չէ, Հայաստանի հետ:

Scroll Up