Նշվել է Բրյուքսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի Եկեղեցու Օծման և անվանակոչության 29-րդ տարեդարձը

Մայիսի 3-ից 5-ը Բրյուքսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի Եկեղեցու օծման և անվանակոչության 29-րդ տարեդարձի ուրախ առիթով, հովվական և աշխատանքային ծրագրով Բելգիա է այցելել Արևմտյան Եվրոպայում Հայրապետական Պատվիրակ Գերշ. Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Հայրապետական Պատվիրակության Մամլո Դիվանից, Սրբազան Հայրը հանդիպումներ է ունեցել իր փոխանորդ և Բելգիայի Հայոց Հոգևոր հովիվ Տ. Զատիկ Վարդապետ Ավետիքյանի, ինչպես նաև Սբ. Մարիամ Մագդաղենացի եկեղեցու Ծխական Խորհրդի հոգաբարձության անդամների հետ, որի ընթացքում քննարկվել են Բելգիահայ համայնքները լավագույն կերպով կազմակերպելու ու արդյունավետ աշխատանքներ ծրագրելու, մշակելու ու դրանց իրականացման հետ առնչվող հարցեր:

Սրբազան Հայրը հանդիպում է ունեցել նաև Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և Լիազոր Դեսպան Թաթուլ Մարգարյանի հետ:

Մայիս 3-ին, Մալինում (Մեխելեն), Սրբազան Հայրն այցելել է  Հռոմեական եկեղեցու Բրյուքսել-Մալին Ավագ Թեմի Արքեպիսկոպոս Ն. Գ. Կարդինալ Ժոզեֆ Դը Քեզելին: Եղբայրական ջերմ մթնոլորտում վերընդգծվել է Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների հարաբերությունների անցած պատմական ճանապարհն ու կատարված կարևոր ձեռքբերումները: Միաժամանակ մտքերի փոխանակումներով երկուստեք առաջարկել են համագործակցության նոր եզրեր, որոնք ավելի պիտի նորոգեն ու ամրապնդեն քույր եկեղեցիների միջև արդեն իսկ գոյություն ունեցող եղբայրական հարաբերությունների կամքն ու ոգին:

Մայիս 4-ին, Սրբազան Հայրը հյուընկալել է Բելգիայի Թագավորությունում Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Մետրոպոլիտ Տ. Աթենագորաս Արքեպիսկոպոսին: Հանդիպման ընթացքում քննարկումներ են տեղի ունեցել ուղղափառ եկեղեցիների մեծ ընտանիքի առջև ծառացած ժամանակակից մարտահրավերների ու դրանց առջև միասին դիմակայելու ձեռնարկների մշակման ու կյանքի կոչման վերաբերյալ:

Մայիս 5-ին Բրյուքսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի Եկեղեցու օծման և անվանակոչության տարեդարձի առթիվ պատարագել և քարոզել է Տ. Խաժակ Արքեպս. Պարսամյանը և Ս. Հարության խորհրդով նորոգվելու կոչով իր պատգամը փոխանցել ներկա հավատացյալներին:

Եկեղեցու օծումը կատարվել է 1990թ. մայիս 6-ին՝ օրհնաբեր ներկայությամբ ու նախագահությամբ Երջանկահիշատակ երկու Հայրապետների՝ Ն.Ս.Օ. Տ. Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ. Տ. Տ. Գարեգին Բ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի:

Պատարագի ավատին, Խաժակ Սրբազանը նախագահել է տոնական ընդունելություն-ճաշկերույթը, որին, ի թիվս այլոց, ներկա էին Բրյուսելի, Լիեժի, Անթվերպենի ծխական խորհրդների անդամներ, ինչպես նաև սարկավագներ, դպիրներ, երգչախմբի անդամներ ու միութենական ներկայացուցիչներ:

Մեկնումից առաջ, Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը հրավիրելէ Ավետարանից վերընթերցել Մարիամ Մագդաղենացու կերպարի մասին ու դաս քաղել՝ եկեղեցու ու համայնքի մեջ միմյանց նկատմամբ ներողամտության ոգով ապրելու ու համագործակցության ոգին զորացնելու համար:

Scroll Up