Եգիպտահայ համայնքի միջոցներով հիմնանորգվում է Հադրութի ծննդատունը

Եգիպտոսի Հայոց թեմի Կահիրեի Ազգային Առաջնորդարանը բարեսիրական երկրորդ ծրագիրն է կյանքի կոչում Հայաստանում:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Ազգային Առաջնորդարանի մամլո դիվանից, Կահիրեի պատկառելի Թեմական ժողովի 2018-ին հաստատած ծրագրով և նախահաշիվ բյուջեով, 2019-ի հունվարին սկսել են Արցախի Հադրութ քաղաքի ծննդատան ամբողջական վերանորոգության աշխատանքները:

Ծննդատունը, որը սպասարկում է Հադրութ քաղաքը և հարակից շրջանի տասնյակից ավելի գյուղեր, գտնվում էր անմխիթար վիճակում: Բացակայում էին նաև անհրաժեշտ միջոցները և պարագաները` ապահով ծնդաբերություն ապահովելու համար, որը վտանգում էր մոր և մանկան առողջությունը:

Ազգային Առաջնորդարանը նախատեսել է ոչ միայն նորոգել, այլև ծննդատան համար առաջնահերթ բժշկական սարքավորումներ ևս ձեռք բերել:

Սույն նախաձեռնությամբ եգիպտահայ համայնքը ազգաշեն իր մասնակցությունն է բերում Արցախ աշխարհի զարգացման ու զարացմանը՝ արցախահայությանը մաղթելով խաղաղություն և ոգու ամրություն:

Scroll Up