ՀՀ սփյուռքի նախարարությունը սփյուռքի գլխավոր օրրանն է. պետք է լինել եւ գործել միասին

ՌԴ Սարատովի մարզի  „Կռունկ“  հայկական համայնք“ տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախագահ Համլետ Շառոյանը վերջերս ՀՀ սփյուռքի նախարարության կողմից պարգեւատրվեց նախարարության շքանշանով:

“Հայերն այսօր”-ի թղթակիցը, օգտվելով ստեղծված հնարավորությունից, զրուցեց Համլետ Շառոյանի հետ Սարատովի հայկական համայնքի խնդիրների եւ առաջիկա միջոցառումների մասին:

-Որքա՞ն ժամանակ է, որ ղեկավարում եք ՌԴ Սարատովի մարզի  „Կռունկ“  հայկական համայնք“ տարածաշրջանային հասարակական կազմակերպությունը:

-Արդեն երկու տարի ղեկավարում եմ Սարատովի „Կռունկ” հայկական համայնքը: Համայնքի անդամների քանակը հասնում է տասը հազարի, բայց ընդհանուր առմամբ մարզում ապրում են ավելի քան 64. 000 հայեր:

-Հայապահպանման խնդիրներ արդյո՞ ք առկա են համայնքում եւ ի՞նչ ծրագրեր են իրականցվում մշակութապահպանման համար:

-Մեր խնդիրներից մեկն այն է, որ մեր երեխաները Հայոց պատմություն չգիտեն եւ շատ քիչ են կարդում հայկական գրքեր: Հենց դրա համար հիմա կառուցում ենք դպրոց, որը կհամալրվի համապատասխան մասնագետներով, որպեսզի կարողանանք մարդկանց ավելի հետաքրքրել ու ներգրավել` չնայած ներկա պահին էլ գործում է կիրակնօրյա դպրոցը: Համայնքում գործում է լավ գրադարան: 2007 թվականից իրականցվում է եկեղեցու, հայկական մշակութային կենտրոնի եւ դպրոցի շինարարությունը: Սարատովում կա նաեւ հայկական փողոց: Բացի այդ, քաղաքի կենտրոնում տեղադրված է հայկական խաչքար, որը մեզ նվիրեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Բացմանը նա ներկա էր: Սարատովում առկա ազգային փոքրամասնությունները նահանգապետի առաջադրանքով Հաղթանակի զբոսայգում պետք է ստեղծեին “Ազգային տուն”: Մենք էլ բացառություն չկազմեցինք եւ կառուցեցինք մեր հայկական “տնակը”: Ընդհանրապես համայնքը փորձում է ամեն ինչով սատար կանգնել հայերին:

-Ովքե՞ր են այցելում կիրակնօրյա դպրոց:

-Կիրակնօրյա դպրոց այցելում են յոթ տարեկանից մինչեւ երեսունութ տարեկանները, այսինքն` տարիքային սահմանափակում չկա: Կան նաեւ ռուսներ, ովքեր ուզում են սովորել մեր լեզուն: Հատկապես հայերի հետ ընտանիք կազմած ռուս կանայք  են գալիս հայերենի դասերին, որպեսզի կարողանան հասկանալ իրենց հայ ամուսիններին եւ երեխաներին: Դրա համար մենք հիմա կառուցում ենք դպրոցը, որից հետո ՌԴ կրթության նախարարությունից կփորձենք ստանալ լիցենզիա:

-Հայերը ունենո՞ւմ են խնդիրներ մնացած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ:

-Խնդիրներ անընդհատ կան, բայց միայն կենցաղային: Ազգային ֆոնի խնդիրներ չկան: Դե, մեր ազգը շատ տաքարյուն է: Երիտասարդության միջեւ տարբեր վիճաբանություններ են լինում, ինչի արդյունքում կռիվ են ուզում անել: Մենք էլ միանգամից տվյալ համայքի ղեկավարի հետ հարթում ենք երիտասարդների մեջ եղած վիճաբանությունը: Մենք բոլոր համայքների հետ էլ լավ հարաբերությունների մեջ ենք, եւ ոչ մի խնդիր չունենք: Այնեղ չկան հայեր, ադրբեջանցիներ, ուզբեկներ: Բոլորս միասին ենք:

-Ինչո՞ւմ է կայանում Ձեր այցի նպատակը Հայաստան:

-Առաջին հերթին ծնողներիս տեսնելը եւ  նրանց հետ իմ վաթսունամյակը նշելը:  Մայրս մեծ է, արդեն դժվար էր նրան տեղափոխելը, եւ ես եկա: Կարող էի շքեզ տոնել ծննդյանս օրը Սարատովում, բայց նախընտրեցի իմ ծննդավայրում` Ձորագյուղում, փոքրիկ ընտանեկան միջավայրում տոնել` ամենամտերիմներիս հետ:  Բացի այդ, ուրախությունս կրկնապատկվեց, երբ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից պարգեւատրվեցի շքանշանով:

-Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ սփյուռքի նախարարության դերը Հայաստան-Սփյուռք կապը ամրապնդելու համար:

-ՀՀ սփյուռքի նախարարությունը Սփյուռքի գլխավոր օրրանն է.պետք է լինել եւ գործել միասին:

Scroll Up