Կաթսա, որը Հայոց ցեղասպանությունից փրկել է 5-ամյա Զարոյին

Փրկության կաթսան. այսպես են Պետրոսյաններն անվանում այն կաթսան, որի շնորհիվ իրենց Զարո տատին Հայոց ցեղասպանության ժամանակ փրկվել է թուրքական յաթաղանից, իսկ ամուսնանալուց հետո որպես իր փրկության խորհրդանիշ՝ օժիտ ստացել հորից:

«Տատիկիս հայրը Վանի Բախվանց գյուղից 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ թելեր է կապել, գցել ուսերին և հինգ տարեկան աղջկան մեջը թաքցնելով՝ բերել է մինչև Էջմիածին: Այնուհետև կաթսան տատիկս հանձնել է թոռներին՝ խնդրելով այն փոխանցել իրենց սերունդներին: Այժմ կաթսան մեր գերդաստանի համախմբման խորհրդանիշն է դարձել»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց թոռներից Զարուհի Պետրոսյանը՝ հավելելով, որ իրենց տատը, չնայած փոքր հասակին, ամենայն  մանրամասնությամբ հիշել է գաղթի ճանապարհի ահասարսուռ տեսարանները:

Պարզ դարձավ նաև, որ տարին մի քանի անգամ Զարո տատիկի թոռներով հավաքվում են այս կաթսայի շուրջ ու հատուկ արարողակարգով նշում օրը. ուտում են տատիկի բաղադրատոմսով պատրաստված քրջիկը, հիշում են նրա պատմությունները և պարտադիր այցելում նրա շիրմին:

Scroll Up