Արցախում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ ապրիլի 23-ին, ժամը՝ 20:00-ին, Ստեփանակերտում տեղի է ունենալու ջահերթ, որը մեկնարկելու է Սուրբ Հակոբ եկեղեցու բակից և ուղղվելու է դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունից՝ մանրամասնելով, որ ջահերթը կազմակերպվում է ՀՅԴ Արցախի երիտասարդական ու Արամ Մանուկյան ուսանողական միությունների նախաձեռնությամբ:
Իսկ ապրիլի 24-ին, ժամը՝ 12։00-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունենալու «Ոգեկոչում արվեստի շնչով» ամենամյա միջոցառումը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Մեզ հետ զրույցում Շուշիի «Նարեկացի» արվեստի միության ադմինիստրատոր Մարիամ Անդրեասյանն ասել է, որ միջոցառման ընթացքում հնչելու են հակառակորդի դեմ կռված ու պայքարած ֆիդայիներիմասին հյուսված երգեր ու պատմություններ։
«Միջոցառմանը հանդես կգա «Տնջրե» ավանդական երգի ու պարի խումբը: 2003 թվականից ի վեր ամեն տարի՝ ապրիլի 24-ին, «Նարեկացի» արվեստի միությունն իր արվեստագետ բարեկամների հետ նշում է հիշատակի և ոգեկոչման համահայկական օրը՝ կոչ անելով աշխարհին հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, հայ ազգի վերածնունդը և դրա ճանաչման միջոցով այլևս թույլ չտալու նորցեղասպանությունների կրկնումը»,- նշել է Մ. Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար:
Նշենք, որ հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ կկազմակերպվեն Արցախի բոլոր շրջաններում:
Scroll Up