Հոլանդացիները Հայաստանում հանդես կգան հայկական կատարումներով

Քանոնահարուհի Ռուզաննա Հակոբյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան: Արդեն երկար ժամանակ է՝ բնակվում է Հոլանդիայում և համագործակցում տարբեր երաժշտախմբերի հետ, հիմնել է դաշնամուրի դպրոց, որի սաները հանդես են գալիս տարբեր համերգներով։

Արդեն երկու տարի է՝ Ռուզաննա Հակոբյանը համագործակցում է նաև Ամստերդամում գործող «Slavuj» երգչախմբի հետ։ Վերջինս ստեղծվել է 1987 թվականին և ներկայացնում է  սլավոնական երկրների երաժշտություն։ Համատեղ ջանքերով հայերեն լեզվով նախաձեռնել են մեծ համերգային ծրագիր։  Մի քանի հաջողված համերգներից հետո որոշել են այցելել Հայաստան, հատկապես, որ մեծ էր երգչախմբի անդամների ցանկությունը՝ մոտիկից ծանոթանալու Հայաստանին:

Այդ նպատակով ապրիլի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ապրիլի 30-ին՝ Գորիսում, իսկ մայիսի 3-ին՝ Էջմիածնում, ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների աջակցությամբ «Slavuj» երգչախումբը հանդես կգա համերգային ծրագրով (խմբավար՝ Իվո Բուսվայկ): Երգչախմբին միանալու է նաև «Zwarte zee» քառյակը՝ Ռուզաննա Հակոբյան (քանոն), Յան-Յափ Սպառխառն (սաքսոֆոն, կլառնետ, շվի), Էրիկ Վոլկռըս (կոնտրաբաս) և Ռոբ Դամեն (դհոլ)։

Երգացանկում ընդգրկված են հայ կոմպոզիտորների (Կոմիտաս, Խաչատուր Ավետիսյան, Վլադիլեն Բալյան և այլք) ստեղծագործությունները։ «Խմբերն առաջին անգամ են այցելելու Հայաստան, բայց հայկական ծրագրով հասցրել են հանդես գալ տարբեր բեմահարթակներում՝ ներկայացնելով հայկական ժողովրդական երգեր Եվրոպայի տարբեր քաղաքներում։ Հայաստանյան համերգները նվիրված են Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին։ Ապրիլի վերջին Հայաստան գալը միաժամանակ լավ առիթ է հոլանդացիներին պատմելու և ծանոթացնելու Հայոց ցեղասպանությանը։ Մենք նախատեսել ենք այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։  Միաժամանակ նպատակ ունենք հոլանդացիներին  ավելի մոտիկից ծանոթացնել հայկական մշակույթին: Այդ պատճառով ծրագրում ենք 3-օրյա ճանաչողական ճամփորդություն դեպի Հայաստանի մարզեր, որտեղ նույնպես կունենանք համերգներ»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Ռուզաննա Հակոբյանը։

Scroll Up