Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ապրիլի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Ս. Հաղորդության խորհրդի հաստատումը: Այս մասին հաղորդում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Ավագ հինգշաբթի վաղ առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ – Ս. Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց Ապաշխարողաց կարգը:

Այնուհետև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ Մայր Աթոռի միաբանությունը Ս. Գայանե վանքում մասնակցեց Միջօրեի ժամերգությունը և Սուրբ Պատարագի արարողությանը: Պատարագիչն էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, ով Սուրբ Պատարագի ընթացքում ընթերցեց նաև Սուրբ Բարսեղ Կեսարացու «Սուրբ Հաղորդության մասին» ճառը:

Նույն օրը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Ս. Գայանե վանքում կատարվեց Ոտնլվայի արարողությունը:

Մայր Աթոռի միաբանների կողմից կարդացվեցին օրվա սուրբգրային ընթերցվածքներն ու ԺԳ դարի նշանավոր վարդապետ Հովհաննես Պլուզ Երզնկացու «Սիրո մասին» խրատը:

Այնուհետև Վեհափառ Հայրապետի ձեռամբ օրհնվեցին խորանի վրա դրված ջուրն ու յուղը, որից հետո Նորին Սրբությունը ծնրադիր լվաց և յուղով օծեց տասներկու անձանց ոտքերը:

Նրանց թվում էին Մայր Աթոռի միաբաններից Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Հոգեշնորհ Տ. Արիս աբեղա Տոնոյանը, Բարեշնորհ Հրաչ սարկավագ Սուլթանյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի սան Բարեշնորհ Մեսրոպ սարկավագ Հովհաննիսյանը և Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Արման Միլիտոնյանը, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից օրթոպեդ-վնասվածքաբան Ստեփան Մաթոսյանը,  զինծառայող շարքայիններ Արթուր Համբարձումյանը և Սևակ Առվոյանը, Մայր Աթոռի «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի աշակերտներ Նարեկ Յազյանն ու Հովհաննես Պաբլոյանը, Մարսելի համազգային դպրոցի սան Մունգալ Մատթեոսը և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի աշակերտ Սարգիս Քեշիշյանը:

Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա բարեպաշտ ժողովրդին, որից հետո օրհնված յուղը բաժանվեց հավատացյալներին:

Ոտնլվային ներկա էին տարբեր երկրներից Հայաստան ժամանած Մայր Աթոռի բարերար հայորդիներ և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Բուենոս Այրեսի (Արգենտինա) մասնաճյուղի տիկնանց հանձնախմբի անդամները:

Scroll Up