Ֆրանսիայի հայ համայնքը ներդրում կունենա Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման գործում․ Մուրադ Փափազյան

Ֆրանսիայի հայ համայնքը Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանն օժանդակելու հարցը քննարկելու է երկրի կառավարության հետ ապրիլի 24-ին:

Այս մասին Tert.am-ին հայտնեց Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:
«Մենք, անպայման, ներդրում կունենանք Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման գործում»,- ասաց նա:
Մուրադ Փափազյանի խոսքով՝ իրենք դեռ այդ հարցը չեն քննարկել Ֆրանսիայի իշխանությունների հետ: «Ապրիլի 24-ի համատեքստում մենք նախաձեռնություն կունենանք: Մենք այդ օրը Կոմիտասի արձանի մոտ Ֆրանսիայի կառավարության հետ նախաձեռնություն ունենք, այդ օրը նրանց հետ այդ թեմայով քննարկումներ կլինեն: Նախատեսում ենք այդ օրը Կոմիտասի թանգարանի մոտից շարժվել Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան մոտ»,- ասաց նա:
Նա հիշեցրեց, որ Փարիզի Աստվածամոր տաճարում ապրիլի 22-ին նախատեսված էր պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, բայց տաճարում հրդեհից հետո միջոցառումը չեղարկվեց:
Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով փլվել էր տաճարի աշտարակը: Դեպքի վայր էին ժամանել Ֆրանսիայի նախագահն ու վարչապետը: Հրդեհաշիջման աշխատանքներին շուրջ 400 հրշեջ է մասնակցել: Հրդեհի հետևանքով տաճարը մեծապես տուժել է:
Scroll Up