«Իմ այբուբենը» մանրանկարչական ժողովածուն՝ նվեր Գավառի մանկատան փոքրիկներին

Ծաղկազարդին՝ մանուկների օրհնության օրը, «Հայկական մանրանկարչության կենտրոն» հիմնադրամի «Մանկական գրականություն» ազգային ծրագիրը «Նախշ» երաժշտական նախագծի և «Լոֆթ Երևան»-ի կազմակերպած բարեսիրական ծրագրի շրջանակում բարեգործական նախաձեռնություն ցուցաբերեց՝  նվիրաբերելով Գավառի մանկատան երեխաներին «Իմ այբուբենը» մանրանկարչական  ժողովածուները:

Հարկ է նշել, որ «Մանկական գրականություն» ազգային  ծրագրով ստեղծվում է նոր սերնդի մանկապատանեկան  գրականություն աշխարհի հայ փոքրիկների համար՝ անկախ նրանց գտնվելու վայրից: Առաջին անգամ ծրագրով լույս են տեսնում հայկական միջնադարյան մանրանկարչության հիմքով ստեղծվող և տեսակով առաջինը մանկական ժողովածուներ՝ թե’ հանրակրթության համար նախատեսված, թե՛ որպես ուսումնաօժանդակ կրթության տարբերակ, թե’ հայապահպանության զարգացման նպատակով, թե’ հոգևոր դաստիարակության համար:

Հայկական միջնադարյան մանրանկարչությանը նվիրված մանկական գունավորման հայկական այս ժողովածուներն առաջինն են հայ մշակութային իրականության մեջ, որոնք ստեղծվում են գրքային մանրանկարչության (զարդարման) բացառիկ կիրառությամբ, ներկայացնում են հայկական մանրանկարչության զարմանահրաշ պատկերներն ու գույները, ոճային առանձնահատկությունները:
Միջնադարյան հայկական մանրանկարչության կիրառությամբ իրականացվում է վերջինիս մանկականացումը՝ կիրառությունը մանկության ոլորտում, որով հնարավորություն է ստեղծվում այդ բացառիկ արժեքները հասանելի դարձնելու հայ երեխաներին և նպաստելու նրանց հայեցի դաստիարակությանը՝ մշակութային ինքնության պահպանման հիմքով:

Այս ժողովածուները մշակութային միջավայրն են հարստացնում՝ հոգևոր-ազգային մշակույթի պաշտպանության դիրքերից հանդես գալով:

Հայ երեխաները գունավորման ժողովածուների օգնությամբ ճանաչում են ազգային մշակույթի ամենատարբեր արժեքները, ինչը էական նշանակություն ունի նրանց մշակութային ինքնության ձևավորման գործում:

Մշակութային ինքնության հարաբերությունները բազմաբարդ են և ծավալուն, որոնց նշանակությունն անհնարին է ժխտել: Հայ երեխաների մշակութային ինքնության զարգացման կարևոր միջոցներից են մանկական գրականության ստեղծումն ու տարածումը:

Ծրագրի շահառուները աշխարհի բոլոր մասերում ապրող հայ երեխաներն են, որոնց համար յուրաքանչյուր տարի նախագծվում են հայոց այբուբենին նվիրված մանրանկարչական բարձրակարգ ժողովածուներ, տառերի հավաքածուներ, գունավորման թեմատիկ ժողովածուներ, մանկական գրքի լավագույն նմուշներ:
Հայոց այբուբենին նվիրված ժողովածուների շարքում գլխավոր գիրք է «Իմ այբուբենը» մանրանկարչական գունավորման ժողովածուն:

Ծրագրի ռազմավարական մոտեցումներից է ընդլայնել  հայոց այբուբենի ֆիզիկական սահմանը՝ աշխարհի բոլոր հայ երեխաներին հասանելի դարձնելու իրենց «Իմ այբուբենը» մանրանկարչական ժողովածուն:

Այս ծրագրի սահամանները դեռ քարտեզագրելո՜ւ են աշխարհի բոլոր հայերի միավորման անսահման տարածությունը ազգային արժեքների շուրջ:

Scroll Up