Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի միջոցառումներ Իսրայելում

Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքի «Նաիրի» միության հիմնադիր-նախագահ Արտյոմ Չերնամորյանը, խոսելով համայնքում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին, «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց, որ յուրաքանչյուր տարի այդ օրն իսրայելահայ համայնքը Հայաստանի և Սփյուռքի մյուս հայկական համայնքների հետ միասին ոգեկոչում է 1.5 մլն. անմեղ նահատակների հիշատակը:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես Իսրայելի բոլոր հայկական եկեղեցիներում հիշատակության արարողություններ են անցկացվելու, ծաղկեպսակներ են դրվելու Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի բակում գտնվող՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված խաչքարերի մոտ, կազմակերպվելու է ջահերով երթ: Ապա Թուրքիայի դեսպանատան (Թել-Ավիվ) և հյուպատոսարանի (Երուսաղեմ) դիմաց տեղի են ունենալու ցույցեր:

Ապրիլի 24-ին Թել Ավիվի կենտրոնի, հարավի և հյուսիսի հայերը Թել Ավիվի ոստիկանության թույլտվությամբ հավաքվելու են Թել Ավիվի ծովափնյա Բեյտ Օպերայի շատրվանների դիմաց, որտեղից ժամը 15:00–ին մեկնարկելու է  ոստիկանների ուղեկցությամբ բողոքի երթը դեպի թուրքական դեսպանատուն: Իսկ ժամը 16:00 – ին, մեկնարկելու է արտոնված ցույց, որն ավարտվելու է ժամը 17:00–ին: Այնուհետև Թել Ավիվ-Յաֆոյի Սրբ.Նիկողայոս վանքում 17:30-ին տեղի կունենա աղոթք՝ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի համար: Նշենք նաև, որ ցույցերի թույլտվությունը ստացել է Արտյոմ Չերնամորյանը:

«Իսրայելահայերի հայկական միությունների անունից կոչ ենք անում բոլոր հայերին, մասնակցել ոգեկոչման արարողություններին և հարգանքի տուրքը մատուցել մեր անմեղ զոհերի հիշատակին»,-ամփոփիչ խոսքում ասաց Արտյոմ Չերնամորյանը:

Scroll Up