Պարույր Սևակին նվիրված գրական երեկո Պերմում

Ապրիլի 14-ին Պերմի հայ համայնքում կայացավ հայ մեծանուն գրող Պարույր Սևակի 95-ամյակին նվիրված գրական երեկոն, որը ողողված էր սևակյան ոգով ու շնչով: Յուրաքանչյուր երիտասարդ, ասմունքելով Մեծն գրողի ստեղծագործությունները, կարողանում էր փոխանցել այն արժեքավոր մտքերն ու հույզերը, որոնց միջոցով բանաստեղծը փորձել է մեզ մասնակից դարձնել իր ապրումներին:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Մարիամ Գրիգորյանը, առանձնահատուկ հիացմունքի էին արժանի բոլոր մասնակիցները, որոնց շուրթերից մեսրոպատառ հայոց լեզվով հորդում էին Տիեզերական գրողի ստեղծագործությունները: Կային նաև ստեղծագործություններ, որոնք հնչեցին ռուսերեն՝ նպատակ ունենալով տեղի տարբեր ազգերին ծանոթացնելու գրողի բազմաբովանդակ եւ հուզառատ աշխարհին:

Երիտասարդներից յուրաքանչյուրը՝ ապրելով Հայրենիքից դուրս, իր մեջ փայփայել, գուրգուրել և մեծացրել էր այն փոքրիկ հային, որն այսօր կարծես մի «խենթ պատանի» ապացուցեց, որ մենք կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք: Շատ աժեքավոր է այն փաստը, որ մեր երիտասարդ սերունդը կարողանում է ապացուցել, որ Մեծերը չեն մահանում: Մեծերը ձուլվում են մարդկանց հոգիներին, մտնում մարդկանց սրտերը՝ սերնդե-սերունդ հարատևելու անխախտությամբ:

Անչափելի և երկնամերձ բարձր սքանչելիքներ տվեց մեզ Պարույր Սևակը… Նրա մեծությունը գնահատողը ժամանակներն են, որոնք կան ու լինելու են: Ժողովրդի սերը մաքուր և հավերժական է Սևակի նկատմամբ: Նա իր պոեզիայով ապրել, ապրում է և կապրի յուրաքանչյուր հայի հոգում: Ամեն մեկս ունենք մեր Սևակին, որը միայն մերն է: Եվ այս երեկոն Մեծն Պարույր Սևակի նկատմամբ մեր ճշմարիտ և մեծ սիրո դրսևորումն էր:

Շնորհակալություն ենք հայտնում Պերմ քաղաքի հայ համայնքի երիտասարդական կազմակերպությանը և «Վերնատուն» գրական ակումբին, որոնց համատեղ աշխատանքի շնորհիվ իրականացավ Մեծն Պարույր Սևակի 95-ամյակին նվիրված գրական գեղեցիկ երեկոն:

Scroll Up