Ծաղկազարդը Օդեսայում

Ոստս արմաւենեաց հատեալ,

Տերեւ ձիթենեաց առեալ,

Այն նորոգողին բերեալ,

Թագաւորին ընծայեալ:

Յայս նոր աւետեաց աւուրս

Երկիրս պանծացեալ բերկրի,

Ծով գարնանաշարժ ալեաւք,

Ծով երկնատարած ծըփի…

«Հայերն այսօր»– Միջնադարի մեծ աստվածաբան, հայոց կաթողիկոս, հոգևոր երգ ու տաղերի հեղինակ, բանաստեղծ Ներսես Շնորհալու այս գողտրիկ շարականն ունկնդրելիս` աչքերիս առջև հառնում է Հայ եկեղեցու չնաշխարհիկ տոներից մեկը՝ Ծաղկազարդը, որը խաչելիությունից առաջ Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ հանդիսավոր և հաղթական մուտքի հիշատակն է։ Ծաղկազարդի տոնն անվանում են նաև Ծառզարդար, Արմավենյաց տոն, Ծաղկե Զատիկ, և նշվում է այն Մեծ Պասի Գալստյան կիրակի օրը: Հետևաբար, ապրիլի 14-ին մեծ շուքով տոնախմբվեց Ծաղկազարդը, որից, անխտիր, անմասն չմնաց Օդեսայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։

Դռնբացեքի խորհրդանշական արարողությունից հետո ՝«Բաց մեզ, Տէր զդուռն ողորմութեան» շարականի ներքո, Ծաղկազարդի կիրակին նշանավորվեց Սուրբ և Անմահ պատարագով, որին խանդավառությամբ մասնակցեցին օդեսահայ այրեր ու կանայք, երիտասարդներ ու մանուկներ։

Իր քարոզում պատարագիչը՝ Տեր Աբգար քահանա Գըլըճյանը, հանգամանալից մեկնելով տոնի խորհուրդն ու հոգևոր պատգամը՝ ասաց. «Այսօր եկել ենք ծաղկազարդվելու այս տոնի խորհրդով, եկել ենք միանալու մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, ընդունենք նրան «մեր Երուսաղեմ», քանզի այսօր Փրկիչը մուտք է գործում եկեղեցիներ, հոգու տաճարներ… Եկե՛ք ոչ միայն շուրթերով օրհնաբանենք Տիրոջ գալուստը, այլև՝ կյանքի նորոգությամբ, խորաններից ճառագող օրհնությամբ դիմագրավենք դժվարությունները և սեփական կյանքը փառավորենք Տիրոջ հարությամբ»։

Ծեսն աչքի է ընկնում հոգևոր երգ ու երաժշտության առատությամբ։ Հընթացս արարողության հնչեցին հոգեպարար շարականներ՝ «Որ Վերօրհնիս», հատվածներ տոնին ձոնված ճառերից՝ «Ճառ արմավենյաց» և օրվա խորհրդին հարազատ ավետարանական ընթերցումներ՝ «Երգ երգոց»-ից։

Կատարվեց Անդաստանի արարողություն։ Այնուհետև քահանան իր օրհնությունը բաշխեց մանուկներին, որ «մեր մանկունք հասակ առնեն սիրո մեջ, դառնան մեր ազգի ու Եկեղեցու արժանավոր զավակները»: Աստվածաշնչյան  իրողությունը, որ սուրբ տաճար մուտքի պահին մեծերի հետ մանուկները փառաբանել են Տիրոջը, աղաղակելով՝ «Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, օրհնեա՜լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնութի՜ն` բարձունքներում», նկատի ունենալով՝  Գարեգին  Բ  Հայրապետի կողմից տոնը  հռչակվել է մանուկների օրհնության օր  Եվ, ասես, Երուսաղեմի օրինակով Օդեսայի սուրբ տաճարը նույնպես դղրդաց  մանկանց ուրախությունից, ծնողների ցնծությունից:

«Պահպանիչ» աղոթքից հետո կատարվեց ուռենու նորաբողբոջ ոստերի օրհնման դյութական ծեսը, և ճյուղերը բաժանվեցին հավատացյալներին՝ ի հիշատակ երուսաղեմյան տոնախմբության և ի խորհուրդ՝ խաղաղության, բարիքի, առատության, պտղաբերության՝

Ամեն ճյուղին խորհուրդ խորին,

Որ հարկավոր է բոլորին…

Ծառզարդարի այս գեղեցիկ տոնին էր ձոնված կիրակնօրյա կրթօջախի՝ զրո և առաջին դասարանների սաների ելույթը։ Մշակույթի տան մեծ ու լուսաճաճանչ սրահում ծաղկահանդես էրբեմը  լցվել էր բազմերանգ ծաղիկներով՝ մեր կյանքի իսկական ծաղիկներով։ Դերակատար-ծաղիկները, չքնաղ տեսքով ու ծաղկավետ, հանդես եկան իրենց նկարագրող գողտրիկ ոտանավորներով.

      -Կապույտ գլխով, կանաչ ոտով,

      Ես ծաղիկ եմ անուշ հոտով…

      -Բուրավետ եմ , վարդն եմ սիրուն,

        Ինչպես վայել է թագուհուն։

      – Քնքուշ ծաղիկ եմ, բայց ծառի նման,

        Եվ իմ անունն է կապույտ յասաման…

 Ծաղկահանդեսն էլ ավելի պայծառացավ ալ ու ալվան կակաչների պարով։ Միջոցառում ըվարում էին կրթօջախի ավագ սաներ Էլեն Մելքոնյանը և Միլենա Խոջաբաշյանը։

Կոմիտասյան երգի («Սարերի հովին մեռնեմ» ) մեղեդիները՝ դուդուկահար Նարեկ Կարապետյանի կատարմամբ, մեղմ օրորեցին ծաղիկների գլխիկները և շոյեցին հանդիսատեսի ունկը։

Սակայն ծաղկիկների տոնն անհնար էր պատկերացնել առանց ժրաջան մեղվի, որը ծաղկից ծաղիկ էր թռչում և նեկտար հավաքում՝  մանուներին  ծաղկավետ մեղր պատրաստելու համար։

Հայտնվեց նաև զանգակածաղիկը, որի զանգակների զրնգուն կանչը փնջեց ծաղիկ-դերակատարներին։ Եվ այս չքնաղ ծաղկեփունջը կրկին բուրեց։ Քանի որ եզրափակվել էր Մայրության ու գեղեցկության միամսյակը, հնչեցին երգ ու տաղիկներ՝ նվիրված քաղցրիկ մայրիկներին և սիրելի ուսուցչուհուն՝ Հռիփսիմե Մելքոնյանին, ում ջանքերով «ծաղիկներն այսպես բուրում էին»։

Տոնահանդեսն ավարտվեց Տեր Հոր դրվատանքի խոսքերով ու բարեմաղթանքներով

Կիրակնօրյա տոնախմբությունն օդեսահայ համայնքում, ասես, մի պատկերազարդ տաղ էր՝ ձոնված  ԾԱՂԿԱԶԱՐԴԻ չքնաղ ու բազմախորհուրդ ծեսին, տոնին։

Նարինե  Մուրադյան

ք․ Օդեսա

Աղբյուրը՝ «Հայերն այսօր»

Scroll Up