ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի քաղաքներում տեղադրվել են Հայոց ցեղասպանությունն իրազեկող վահանակներ

«Արվեստի խաղաղությունը» կազմակերպությունը (www.peaceofart.org) իր ամենամյա գործունեության շրջանակներում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին ընդառաջ ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի տարբեր քաղաքներում, գլխավոր մայրուղիների վրա մարտ-ապրիլ ամիսների ընթացքում բարձրացրել է 5 էլեկտրոնային վահանակներ` հարգելով բոլոր ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակը, հիշեցնելով միջազգային հանրությանը 20-րդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց Մեծ եղեռնի ողջ իրողությունը՝ որպես անհերքելի պատմական փաստ՝ «Երբեք չի մոռացվի» կարգախոսով:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Հեղինե Գևորգյանը, այս տարվա վահանակը ներկայանում է հայ պատանու դեմքով, որի մի մասը խավար է ու մռայլ, ինչպես 1915-ի վիրավոր Հայաստանը` խոցված Օսմանյան կայսրության կողմից, իսկ մյուս կողմը լուսավոր է՝ 2019-ի ծաղկուն ու պայծառ Հայաստանի նման:
«Վահանակի վրայի պատանին, որը 1915-ին որբացավ, ենթարկվեց ցեղասպանության կտտանքներին նույն պատանին է, որ բնօրրանից արմատախիլ արվելով` թափառեց աշխարհով մեկ, նույն պատանին է, որ ծնվեց օտարի հողի վրա, նույն պատանին է, որ ազատագրեց Արցախը և նույն պատանին է, որ 2019-ին հպարտ ապրում է ազատ անկախ Հայաստանում: Ամեն մի հայի հոգում, լինի հայրենիքում, թե հայրենիքից դուրս, ապրել է, ապրում է և ապրելու է նույն պատանին, որը երբեք չի մոռանալու և երբեք չի հրաժարվելու` պահանջելով դատապարտում և հատուցում անպատիժ եղեռնագործություն համար»,- իր խոսքում նշում է արվեստագետ, «Արվեստի խաղաղությունը» կազմակերպության նախագահ Դանիել Վարուժան Հեջինյանը:
Ինչպես նախորդ 23 տարիների ընթացքում, այս տարի նույնպես վահանակների տեղադրումը հովանավորվում է «Արվեստի խաղաղությունը» կազմակերպության կողմից, որը անշահույթ կրթական, մարդասիրական կազմակերպություն է՝ ձոնված աշխարհի խաղաղության պահապաններին և իրագործողներին, նաև նրանց, որոնք ունեցել են քաջություն իրենց կյանքը վտանգելու մարդկության բարօրության համար։
«Արվեստի խաղաղությունը» կազմակերպությունն օգտագործում է արվեստի համընդհանուր լեզուն՝ իրազեկելով մարդկային գոյավիճակի մասին, նպաստելով հակամարտությունների խաղաղ լուծմանը։ Այն ծառայեցնում է արվեստն հանուն խաղաղության և չունի որևէ քաղաքական կամ կրոնական ուղղվածություն` առանցք ունենալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և Հայաստանի հեղինակության բարձրացումն արտերկրում:
 Այս տարի էլեկտրոնային վահանակները կցուցադրվեն մինչեւ 2019 թ. ապրիլի 30-ը:
Scroll Up