Թումանյանին ու Կոմիտասին նվիրված երեկո Աթենքում

Աթենքի «Ավետիս» պարի դպրոցը ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների աջակցությամբ ապրիլի 5-ին  կազմակերպել էր «Նրանք ծնվեցին, որ մենք վերածնվենք» խորագրով գրական-գեղարվեստական երեկո՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի և Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին:

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, միջոցառման հատուկ հյուրերն են եղել Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանը և տիկնիկային ինտերակտիվ ներկայացումներ իրականացնող Անի Ամսեյանը: Երեկոյին ներկա են եղել նաև համայնքային տարբեր միությունների, կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

Ողջունելով հյուրերին և միջոցառման կազմակերպիչներին՝ Անի Եղիազարյանն իր խոսքում  կարևորել է Սփյուռքում այսպիսի նախաձեռնության իրականացումը, քանի որ օտարության մեջ ապրող հայ երեխաները հնարավորություն են ունենում ծանոթանալու հայկական մշակույթին, պատմությանը և գրական արժեքներին: Այնուհետև Անի Եղիազարյանը հանդես է եկել բանախոսությամբ՝ ներկայացնելով երկու մեծերի կյանքն ու գործունեությունը և նրանց միջև եղած ընկերային հարաբերությունները:

Կատարումներով ելույթ են ունեցել «Ավետիս» պարախումբը, երգչուհի Քրիստինա Էլամիրյանը, շվիահար Վահան Գալստյանը և դհոլահար Մհեր Ջուլհակյանը:

Հոբելյանական միջոցառման շրջանակներում ապրիլի 4-ին Աթենքում  առաջին անգամ տեղի է ունեցել ինտերակտիվ տիկնիկային ներկայացում, որի ընթացքում ներկայացման անմիջական մասնակից են դարձել երեխաները  և Անի Ամսեյանի գլխավորությամբ խաղացրել տիկնիկներին:

Ներկայացման ժամանակ ամենաակտիվ մասնակիցները ստացել են նվերներ, իսկ  Անի Եղիազարյանը նրանց հանձնել է Հովհաննես Թումանյանի գրքերից և հեղինակային խաղերից:

Նշենք նաև, որ հյուրերին ընդունել և իրենց օրհնությունն են տվել նաև Հունաստանի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Խորեն վարդապետ Առաքելյանը և Հունաստանի Հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Գերպայծառ Հովսեփ թ.ծ.վ. Պեզեզյանը:

Scroll Up