Ֆրանսահայ բժիշկներն Արցախում անվճար վիրահատություններ են կատարել

Ֆրանսիայից ժամանած մի խումբ բժիշկներ Արցախի հանրապետական բժշկական կենտրոնում իրականացրել են քաղաքացիների անվճար խորհրդատվություններ, հետազոտություններ, ինչպես նաև վիրահատություններ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հայ-մեդ» ֆրանսիական բժշկական-մարդասիրական ընկերության նախագահ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հովհաննես Հեքերյանն ասել է, որ իրենք Արցախ են բերել բժշկական սարքավորումներ և դեղորայք, որոնք տրամադրել են ինչպես հանրապետական բժշկական կենտրոնին, այնպես էլ հանրապետության բուժկետներին:

«Այս անգամ  մեր խմբում ներգրավված են եղել էնդոկրինոլոգ (ներզատաբան), սրտաբան, վնասվածքաբան-օրթոպեդ, ուռուցքաբան և բուժքույրեր: Մենք կարևորում ենք հանրապետության շրջաններում գործող  բուժկետների դերը, որովհետև հիվանդներին առաջին բժշկական  օգնությունը տրվում է հենց բուժկետներում: Վեց օրերի ընթացքում տեղի մեր գործընկերների հետ կատարել ենք 40 վիրահատություններ, որոնց  մի  մասը բավական բարդ էին: Ի դեպ, տեղի բժիշկները բավականին գրագետ ու պատասխանատու են իրենց գործի նկատմամբ»,- մասնավորապես  ասել է Հովհ.  Հեքերյանը:
Խոսելով շաքարախտի  մասին՝  նա  նաև ավելացրել է, որ հանրությունը պետք է գիտակցի, որ  հիվանդությունը բավականին տարածված է, և  որի կանխման համար պետք է գրագետ մոտեցում ցուցաբերվի թե՛ բժիշկների, և թե՛ հիվանդների  կողմից:
Ֆրանսիայից Արցախ  ժամանած բժիշկների խմբի անդամ սրտաբան  Զավեն Թերզյանն էլ մեզ հետ զրույցում ասել է, որ ինքը երկրորդ անգամ  է Արցախում:
Խոսելով   հանրապետական բժշկական կենտրոնում իր կողմից կատարած  աշխատանքների  մասին՝  Զ.  Թերզյանն  ավելացրել է, որ  իրենք  իրականացրել են հիվանդների   խորհրդատվություններ, ինչպես նաև տեղի բժիշկների հետ անցկացրել  փորձի  փոխանակում,  և   նրանց  ծանոթացրել ոլորտի  վերջին նորություններին:
«Հանրապետական բժշկական  կենտրոնի սարքավորումներն  ամբողջությամբ   բավարար  են  սրտի  վիրահատություններ իրականացնելու համար: Աստեղ կան վերապատրաստված խելացի բժիշկներ, որոնք  իրենց գիտելիքներով ու հմտություններով չեն զիջում անգամ այլ երկրների  մասնագետների»,-նշել  է   սրտաբանը:
Scroll Up