Եվրոպայի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչները տեսակապով հանդիպեցին Բաբկեն Տեր Գրիգորյանի հետ

Ապրիլի 10-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը տեսակապով հանդիպում ունեցավ Եվրոպայի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին ՀԲԸՄ Պլովդիվի մասնաճյուղի խորհրդի անդամ, «Բարեգործականի ձայն» պարբերաթերթի գլխավոր խմբագիր Հռիփսիմե Էրնիասյանը,  Կիպրոսի «Կիպրահայեր» անգլալեզու էլ. պարբերականի գլխավոր խմբագիր, Կիպրոսի ՀՅԴ և Հայ դատի հանձնախմբի ատենապետ Սիմոն Այնեճյանը, Հունաստանի «Ազատ օր» և «Արմենիկա» օրաթերթի գլխավոր խմբագիր, տնօրեն Մայք Չիլինկիրյանը, Գերմանիայի «ADK » ամսագրի գլխավոր խմբագիր Րաֆֆի Քանտյանը:

Ողջունելով տեսակապի մասնակիցներին՝ Բաբկեն Տեր Գրիգորյանը համառոտ ներկայացրեց նախարարության հետագա կարգավիճակը, անդրադարձավ Սփյուռքի գործերի հատուկ հանձնակատարի և նրա գրասենյակի ապագա գործունեությանը, գործառույթներին, առաջնահերթություններին ու նոր տրամաբանությանը, կարևորեց գրասենյակի և սփյուռքի լրատվամիջոցների միջև համագործակցության շարունակականությունը և արդյունավետ աշխատանքը:

«Գրասենյակը հիմնականում աշխատելու է 4 ուղղությամբ՝ հայրենադարձություն և ինտեգրում, հայապահպանություն և համայնքներին աջակցություն, համահայկական օրակարգի ձևավորում և սփյուռքի ներուժի նպատակային օգտագործում Հայաստանի զարգացման գործում: Գրասենյակը համակարգելու է մյուս 12 նախարարությունների սփյուռքի հետ տարվող աշխատանքը, մշակելու է հայապահպանության համապարփակ ռազմավարություն: Սփյուռքի գործերի հատուկ հանձնակատարի գրասենյակը դառնալու է կամուրջ Հայաստանի և համայնքների միջև: Այս փոփոխությունները կատարվել են հաշվի առնելով նաև սփյուռքի նախարարությոն բացթողումները, թերությունները: Փորձ է արվել ձևավորել կառավարման գործիք: Նոր ձևավորվող գրասենյակի հիմնական գործառույթը սփյուռքի հետ աշխատանքի ռազմավարության մշակումն է, իհարկե, քննարկելով սփյուռքի ներկայացուցիչների, փորձագետների, մասնագետների հետ», – նշեց Տեր Գրիգորյանը:

Լրագրողները հարցեր հնչեցրին սփյուռքի նախարարության պահպանման, դասագրքերի առաքման, համաժողողովների կազմակերպման հնարավոր զարգացումների վերաբերյալ: Բաբկեն Տեր Գրիգորյանը վստահեցրեց, որ գրասենյակը նպատակ ունի և պատրաստ է աշխատել բոլորի հետ հավասար ու հավելեց. «Սփյուռքի հետ աշխատանքում մենք կարևորում ենք արդյունավետ համագործակցությունը: Հանձնակատարի գործառույթներից մեկն էլ մոտիկից ծանոթանալն է համայնքում առկա խնդիրներին ու փորձել աջակցել դրանց լուծմանը»:

Scroll Up