ՀՀ նախագահը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ղեկավարությանն առաջարկել է ընդլայնել Հայաստանում իրականացվող ծրագրերը.

Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամ։

Նշելով, որ վերջին անգամ այս հաստատությունում եղել է 15 տարի առաջ՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Միշտ էլ հաճելի է ու հպարտ վերադառնալ այս վայր։ Գալուստ Գյուլբենկյանի վաստակն ու բարեսիրական գործունեությունը վերածվել են ուսանելի օրինակի ու փորձառության»։

Հիմնադրամի նախագահ տիկին Իզաբել Մոտան ներկայացրել է հաստատության մարդասիրական և բարեգործական լայնածավալ գործունեությունը, մասնավորապես անդրադարձել Հայաստանում և Սփյուռքում իրականացվող ծրագրերին:

Նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է հիմնադրամի հայանպաստ աշխատանքն ու մեծ ներդրումը հայապահպանության ու հայագիտության զարգացման գործում։

Հանրապետության նախագահը խոսել է հիմնադրամի կողմից իրականացվող գիտահետազոտական ծրագրերի մասին՝ մասնավորապես հիշատակելով, որ կառույցը դեռևս խորհրդային տարիներից աջակցում է Մատենադարանին:

«Կարծում եմ՝ լավ գաղափար կլինի, եթե հիմնադրամը դիտարկի Մատենադարանը որպես միջազգային նախագիծ: Մատենադարանն իր հարուստ ֆոնդերով ու գիտական-մասնագիտական հարուստ փորձով կարող է դառնալ հին ձեռագրերի պահպանման, վերականգնման, գնահատման, ինչպես նաև մասնագետների վերապատրաստման տարածաշրջանային ու միջազգային կենտրոն»,– ասել է Արմեն Սարգսյանը՝ առաջարկելով դիտարկել այս ծրագիրն ու համատեղ քայլեր ձեռնարկել այն կյանքի կոչելու նպատակով: Նախագահը տեղեկացրել է նաև, որ այս ծրագրի շուրջ քննարկումներ է ունեցել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։

Արմեն Սարգսյանը հիմնադրամի ղեկավարությանն առաջարկել է ընդլայնել Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ մեծացնելով նաև հիմնադրամի շարունակական աջակցությունից օգտվող ուսանողների, գիտնականների ու հետազոտողների թիվը։

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել համատեղ գիտահետազոտական նախաձեռնությամբ «Հորիզոն 2020» ծրագրին դիմելու հնարավորության մասին։ Նկատի առնելով, որ տարին հոբելյանական է՝ նշվում է Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակը, նախագահ Արմեն Սարգսյանը հիմնադրամի տնօրենին է նվիրել այդ առիթով թողարկված նամականիշների հավաքածուն:

Հանրապետության նախագահը դիտել է Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամում բացված` մեծ հային, գործարարին ու բարերարին նվիրված ժամանակավոր ցուցադրությունը։

Արմեն Սարգսյանն այցելել է նաև Գալուստ Գյուլբենկյանի թանգարան, շրջել ցուցասրահներով։ Գալուստ Գյուլբենկյանը արվեստի մեծ երկրպագու էր և այս թանգարանում ներկայացված է արվեստի գործերի նրա հարուստ հավաքածուն՝ նկարներ, քանդակներ, մետաղադրամներ, գրքեր, կիրառական արվեստի նմուշներ։

Scroll Up