Կանադահայ գործարարն այցելեց սփյուռքի նախարարություն

Ապրիլի 9-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեց կանադահայ գործարար, «Metrasshipping» ընկերության գործադիր տնօրեն, Հայկական առևտրային ցանցի խորհրդի անդամ և նույն կառույցի առաջին նախագահ Վահրամ Փիրջանյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին սփյուռքի նախարարության հետագա կառուցվածքի, ներդրումների խթանման, Հայկական առևտրային ցանցի հերթական  ֆորումի կազմակերպման հետ կապված հարցեր:

Բաբկեն Տեր Գրիգորյանը համառոտ ներկայացրեց նախարարության հետագա կարգավիճակը, անդրադարձավ Սփյուռքի գործերի հատուկ հանձնակատարի և նրա գրասենյակի ապագա գործունեությանը: Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը նշեց, որ սփյուռքի նախարարությունը միացման ձևով վերակազմակերպվում է՝ վարչապետի աշխատակազմում ստեղծելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ, որը հիմնականում աշխատելու է 4 ուղղությամբ՝ հայրենադարձություն և ինտեգրում, հայապահպանություն և համայնքներին աջակցություն, համահայկական օրակարգի ձևավորում և սփյուռքի ներուժի նպատակային օգտագործում Հայաստանի զարգացման գործում: Բաբկեն Տեր Գրիգորյանը հավելեց, որ գրասենյակը նպատակ ունի և պատրաստ է աշխատել բոլորի հետ հավասար: «Հանձնակատարի գործառույթներից մեկն էլ մոտիկից ծանոթանալն է համայնքում առկա խնդիրներին ու փորձել աջակցել դրանց լուծմանը: Գրասենյակը կշարունակի  մնալ սփյուռքահայի տունը Հայաստանում, և կա հասցե, որը պահպանվելու է, – շեշտեց նա:

Վահրամ Փիրջանյանը կարևորեց նախարարության հետ աշխատանքի շարունակականությունը և համագործակցելու պատրաստակամությունը:

Նշենք, որ «Հայկական առեւտրային ցանց» («ՀԱՑ») հայ առեւտրաարդյունաբերական պալատների եւ գործարարների միությունների համահայկական ընկերակցությունը ստեղծվել է ՀՀ սփյուռքի նախարարութան նախաձեռնությամբ 2011թ. ապրիլի 30-ին` Կանադա-Հայաստան գործարարների խորհրդի եւ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ կազմակերպված Հայ առեւտրաարդյունաբերական պալատների եւ գործարարների միությունների ներկայացուցիչների խորհրդաժողովի երկօրյա քննարկումների արդյունքում:

Հայկական առևտրային ցանցը սփյուռքի նախարարության հետ համատեղ գումարել է 3 ֆորում: Վերջին ֆորումին մասնակցել է 300 գործարար աշխարհի տարբեր երկրներից:

Կազմակերպությունը նպատակ ունի խթանել կապերը համահայկական բիզնես ընկերակցության ներսում: Այն ջանում է դառնալ հարթակ հայկական առևտրային և բիզնես կազմակերպությունների երկկողմ հարաբերությունների, գիտելիքների ու փորձի փոխանակման, համատեղ համագործակցային նախաձեռնությունների իրականացման համար՝ ողջ աշխարհում: Այն նաև նպատակ ունի աջակցել Հայաստանի տնտեսական զարգացման օրակարգին:

Scroll Up