Համահայկական ընկերակցության հետ համագործակցությունը կշարունակվի

Ապրիլի 1-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը տեսակապով հանդիպում ունեցավ Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության համանախագահներ Վահե և Գոհար Թութունջյանների հետ (Քաթար): Հանդիպմանը մասնակցում էին նաև Ընկերակցության գործադիր տնօրեն Արփինե Դանիելյանը և ծրագրերի ղեկավար Աստղիկ Եդիգարյանը:

Ողջունելով տեսակապի մասնակիցներին՝ Բաբկեն Տեր Գրիգորյանը կարևորեց Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության գործունեությունը որպես համահայկական մասնագիտական ցանց, նշեց, որ նոր կարգավիճակով ևս համագործակցությունը կշարունակվի: Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը համառոտ ներկայացրեց նախարարության հետագա կարգավիճակը, անդրադարձավ Սփյուռքի գործերի հատուկ հանձնակատարի և նրա գրասենյակի ապագա գործունեությանը, նշեց, որ գրասենյակը հիմնականում աշխատելու է 4 ուղղությամբ՝ հայրենադարձություն և ինտեգրում, հայապահպանություն և համայնքներին աջակցություն, համահայկական օրակարգի ձևավորում և սփյուռքի ներուժի նպատակային օգտագործում Հայաստանի զարգացման գործում: Գրասենյակը համակարգելու է մյուս նախարարությունների սփյուռքի կառույցների հետ տարվող աշխատանքը, մշակելու է հայապահպանության համապարփակ ռազմավարություն:

Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության համանախագահ Վահե Թութունջյանը շնորհակալություն հայտնեց հանդիպումը կազմակերպելու համար և հավելեց. «Մեր հիմնական մտահոգությունը և ակնկալիքն այն է, որ գրասենյակի հետ համագործակցությունը շարունակվի և ՃՃՀԱ բոլոր ծրագրերը իրականացվեն կառավարության աջակցությամբ»:

Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության գործադիր տնօրեն Արփինե Դանիելյանը ներկայացրեց վերջին տարվա ընթացքում կատարված աշխատանքը, նշեց, որ կազմակերպությունը համատեղ ծրագրեր է իրականացրել  ոլորտը ներկայացնող հայկական և միջազգային կառույցների հետ, կազմակերպել է վարպետության դասեր, փորձի փոխանակում:

Քննարկվեցին հետագա համագործակցության, մասնագիտական հայրենադարձության, ներուժի հայտնաբերման և օգտագործման, մասնագիտական ցանցերի ընդլայնման հետ կապված հարցեր:

Scroll Up