Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առթիվ …Ու խոսեց Թումանյանը վրացերեն

95 տարի առաջ Թիֆլիսում վրացերեն լեզվով լույս տեսավ Հովհաննես Թումանյանի հատընտիր ժողովածուն։ Այն թարգմանել էր տակավին երիտասարդ, հետագայում  ակադեմիկոս-բանաստեղծ  Իոսեբ Գրիշաշվիլին։ Շնորհաշատ բանաստեղծը իր ողջ վարպետությունը, սրտի հուրը ներդրել էր այդ գործում, ինչի շնորհիվ վրաց ընթերցողին սիրելի դարձան  Թումանյանի «Անուշը», «Փարվանան», «Շունն ու կատուն», «Մի կաթիլ մեղրը», «Գիքորը», «Նեսոյի քարաբաղնիսը», «Հին օրհնությունը»,  «Անբախտ վաճառականները» և, իհարկե, «Վրաստանի բանաստեղծներին» ստեղծագործություններ:

Գրքի առաջաբանում ապագա ակադեմիկոսը գրել է. «Եվրոպացի գրողներին, լավ թե վատ, կարծես բոլորին ենք ճանաչում կամ ձգտում ենք ճանաչել, այդ բնագավառում ետ մնալը մեզանում ամոթ է համարվում։ Սեփական գրականությունը չիմանալն իսկ մեզ չի հուզում։ Առավել ևս վատ ենք ճանաչում մեր դրկից հարևաններին, որոնք աշխարհագրականորեն, թե պատմականորեն այդքան մոտ են մեզ…»։

Դառն է խոստովանությունը և ճշմարտացի։ (Թերևս, բացառություն էր Հովհաննես Թումանյանը, ով մինչև հեղափոխությունը արդեն ճանաչված էր վրացական շրջաններում)։ Գրիշաշվիլին ցավով է արձանագրում այդ փաստը, բայց դրանով չի բավարարվում։ Մինչ այդ տողերը գրելը նա արդեն 1918 թվականին հրապարակ էր հանել «Սայաթ-Նովա» մենագրությունը։ Հետաքրքիր է այդ  աշխատության ստեղծման շարժառիթը։ Իր իսկ՝ Գրիշաշվիլու խոստովանությամբ, այդ միտքը հղացել է 1914 թվականի մայիսի 15-ին, երբ Թիֆլիսում, սուրբ Գևորգ եկեղեցու բակում Հովհաննես Թումանյանի և Գևորգ Բաշինջաղյանի անմիջական մասնակցությամբ բացվում է Սայաթ-Նովայի հուշատախտակը։

Այդ արարողությանը մասնակցում էր թիֆլիսցիների մի հոծ բազմություն։ Մեծ բանաստեղծի երկրպագուները բերել էին մեկ հատիկ կարմիր վարդ, Սայաթ-Նովայի այդքան սիրված ու գովերգած ծաղիկը։ Վերջում գոյացավ վարդերի հսկայական մի թումբ։ Հենց այդ օրն էլ դրվեց գեղեցիկ մի ավանդույթի՝ սայաթնովյան Վարդատոնի հիմքը, որը չընդհատվեց անգամ Հայրենական պատերազմի դժնդակ տարիներին։

Ահա այն անդրանիկ Վարդատոնում էլ երիտասարդ բանաստեղծ Գրիշաշվիլին  առաջին անգամ տեսավ Ամենայն Հայոց բանաստեղծին։ Նա եկել էր սուրբ Գևորգ եկեղեցի իր ավագ գրչակից ընկերներ Կոտե Մաղաշվիլու, Իլյա և Նինո Նակաշիձեների, Իոսեբ Իմեդաշվիլու հետ։

 Մայիսյան այդ օրն ամեն ինչ Սայաթ-Նովայով էր ներշնչված։ Գրիշաշվիլին ցավով է նկատում, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ իր ավագ ընկերները գրեթե ոչինչ չգիտեն          Սայաթ-Նովայի մասին։ Եվ այն, ինչ գիտեն, լեգենդների շղարշով էր պարուրված։ Կոտե Մաղաշվիլին դիմում է Գրիշաշվիլուն՝ ասելով. «Դու մոքալաքե (քաղաքաբնակ) ես, ճարպիկ տղա, տեղացիներից իմացած կլինես, իսկ եթե ոչ՝ իմացիր, նեղություն կրիր և վրաց ժողովրդին ծանոթացրու երեք լեզուներով գրող աշուղին» ( ասենք, որ այն ժամանակ Սայաթ-Նովան դիտվում էր որպես լոկ աշուղ։ Հետագայում վրաց գրականագետները եկան այն եզրակացության, որ Սայաթ -Նովան բանաստեղծ է, մեծ բանաստեղծ)։

 Գրիշաշվիլին ձեռնամուխ է լինում այդ դժվարին գործին։ Սայաթ-Նովայի երգերը լայնորեն տարածված էին ժողովրդի  մեջ։ Դրանք  պետք էր տարբերել  ժողովրդականից, պարզել, թե ինչ լեզվով են գրվել։ Մի խոսքով, Գրիշաշվիլուն սպասում էր երեք-չորս  տարվա դժվարին գրականագիտական աշխատանք։ Եվ այդ դժվարին աշխատանքում նա ապավինում էր Հովհաննես Թումանյանին, ով երիտասարդ գրողներին փայփայելու, նրանց ուղղություն տալու աստվածատուր շնորհք ուներ։

 «Երբ որևէ տարեթիվ չարաճճի երեխայի նման չէր ենթարկվում ինձ, իմ դժվարության սպեղանին Թումանյանի էրուդիցիան էր… Եւ Հովհաննեսն   ինձ դիմավորում էր յուրօրինակ ժպիտով, որ մի բանաստեղծություն արժեր, հարցուփորձ էր անում աշխատանքից, և նրա ուրախությունը սահման չուներ, երբ ես ասում էի, որ աշխատանքն արդեն ավարտին է մոտենում։ Իսկ երբ հրապարակային զեկուցում կարդացի Սայաթ-Նովայի մասին, Թումանյանը և Բաշինջաղյանը ներկա էին այդ երեկոյին։ Նրանք առաջին շարքում էին նստած և իմ յուրաքանչյուր խոսքի վրա գլխով էին անում, իսկ երբեմն էլ հայացքներ փոխանակում միմյանց հետ…»,- այսպես է գրել 1918 թվականին Իոսեբ Գրիշաշվիլին Թումանյանին նվիրված հոդվածներից մեկում։

1953 թվականին Հովհաննես Թումանյանին նվիրված իր մեկ այլ հոդվածում նա նշել է. «… Ահա այսպես եղբայրացրեց Սայաթ-Նովան ինձ ու Հովհաննես Թումանյանին»։

Սայաթնովյան առաջին Վարդատոնից չորս տարի անց, երբ Կոտե Մաղաշվիլու հորդորով Գրիշաշվիլին ձեռնամուխ եղավ Սայաթ-Նովայի երկերի ուսումնասիրությանը, 1918-ի վերջերին Գրիշաշվիլին վրաց ընթերցողի սեղանին դրեց  «Սայաթ-Նովա» ժողովածուն՝ բաղկացած մեծ բանաստեղծի վրացերեն 30 խաղերից և Սայաթ-Նովային նվիրված գողտրիկ ուսումնասիրությունից։ Դրանով փաստորեն հիմք էր դրվում  վրացական սայաթնովագիտությանը։ Տարիներ անց ակադեմիկոս-բանաստեղծ Իոսեբ Գրիշաշվիլին նորից է անդրադառնում Սայաթ-Նովայի ստեղծագործություններին՝ գրելով ստվարածավալ մի մենագրություն։

Սայաթնովյան անդրանիկ Վարդատոնից հետո Թումանյանի և Գրիշաշվիլու ծանոթությունը վերածվում է ջերմ բարեկամության։ Երիտասարդ բանաստեղծը հաճախ է լինում Թումանյանի տանը,  երկար զրուցում Վարպետի հետ գրականության, արվեստի, ժողովուրդների բարեկամության մասին։ Մտերմիկ այդ զրույցներից մեկի ժամանակ, երբ Գրիշաշվիլին այցելության էր եկել հիվանդ Թումանյանին, Ամենայն հայոց բանաստեղծն ասում է. «Ուզում եմ կատարել վաղեմի երազանքս և թարգմանել Հոմերոսին, Ֆիրդուսուն և Ռուսթավելուն, հատկապես ինձ դուր է գալիս  «Ընձենավորը», և, եթե հիվանդությունս չխանգարի, գարնանն անպայման ձեռնամուխ կլինեմ այդ գործին»։

 Թումանյանն այլևս ժամանակ չունեցավ։ Ցավոք, մահն ավելի շուտ եկավ, քան խոստումնալից  այն  գարունը։

 Թումանյանի մահից հետո Գրիշաշվիլին նպատակ է դնում անպայման թարգմանել Թումանյանի ընտիր երկերի ժողովածուն։ Նրան այդ գործում մեծապես  օգնում է Գևորգ Բաշինջաղյանը։ Եվ նա կատարում է խոստումը։ Ուղիղ մեկ տարի  անց, Թումանյանի մահվան առաջին տարելիցին, վրաց ընթերցողի դատին է հանձնվում Հովհաննես Թումանյանի «Ընտիր երկերի ժողովածուն»՝ Իոսեբ Գրիշաշվիլու թարգմանությամբ և նրա իսկ առաջաբանով։ Ահա այդպես է հատուցում վրաց ժողովուրդը «Մեծ լոռեցուն» վրաց ժողովրդի նկատմամբ տածած որդիական մեծ սիրո, ժողովուրդների միջև բարեկամություն սերմանելու համար։

 Եվ այսպես, 1924 թվականին Թումանյանը խոսեց վրացերեն, խոսեց հարազատի պես, քանզի նրան թարգմանել էր վրաց լավագույն բանաստեղծներից մեկը, ով այդ գործում ներդրել էր իր ողջ տաղանդը և, որ ամենակարևորն է, իր սրտի հուրը։ Այդ հրատարակությունն արժանանում է բարձր գնահատականի, իսկ Վրաստանի կոմկուսի պաշտոնաթերթը՝ «Կոմունիստի»-ն, 1924 թվականի դեկտեմբերի 7-ի  համարում տպագրված գրախոսականում Գրիշաշվիլու գործը համարում է որպես «առաջին քայլերը անդրկովկասյան ժողովուրդների մշակույթների մերձեցման ասպարեզում»։

  Թումանյանի վերահիշյալ ժողովածուն ունեցավ ևս երեք հրատարակություն՝ 1932, 1948 և 1956 թվականներին։

Վրաց ընթերցողը սիրեց Թումանյանին։ Նրանով սկսեցին հետաքրքրվել վրաց բանաստեղծներն ու գրականագետները։ Նրան սրտառուչ տողեր են նվիրում նույն Գրիշաշվիլին ու Գիորգի Լեոնիձեն, Ալեքսանդրե Աբաշելին ու Պաոլո Յաշվիլին, Տիցիան Տաբիձեն ու Սիմոն Չիքովանին, Վասո Գորգաձեն ու Սիկո Փաշալաշվիլին։

  Վրաստանի գրականագիտական միտքը հաճախակի  անդրադարձել է Հովհաննես Թումանյանի ստեղծագործությանը, նրա հասարակական գործունեությանը։ Վրացական մամուլում տարբեր առիթներով բազմաթիվ հոդվածներ են տպագրվել՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծին։ Թումանյանին նվիրված հոդվածներով հանդես են եկել Իվանե  Գոմարթելին, Շալվա Դադիանին, Լևան Ասաթիանին, Իլյա Նակաշիձեն, Ալեքսանդրե Բարամիձեն, Լևոն Մելիքսեթ-Բեկը,  Սուրեն Ավչյանը, Իվանե Բեգլարովը, Հովհաննես, Արտեմ, Հրաչիկ Դավթյանները, Իվանե Շիլակաձեն և այլոք, ովքեր բարձր գնահատելով Հովհաննես Թումանյանի գրական վաստակը՝ միաժամանակ ընդգծել են  նրա մեծ երախտիքը հայ-վրացական գրական կապերի զարգացման, երկու դրկից ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում։

 Թումանյանը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, անկասկած կթարգմանվի նաև հետագայում։ Վրաց ժողովուրդն առաջինն էր, որ ծանոթացավ և ըստ արժանվույն գնահատեց հայ մեծ բանաստեղծին ու քաղաքացուն։ Եվ դրանում անուրանալի երախտիք ունի Վրաստանի ժողովրդական բանաստեղծ, ակադեմիկոս Իոսեբ Գրիշաշվիլին՝ հայ ժողովրդի մեծագույն և ազնիվ բարեկամներից մեկը։

Երջանիկ պատահականությամբ Հովհաննես Թումանյանի 150-ամյակը համընկնում է Իոսեբ Գրիշաշվիլու ծննդյան 130-ամյակի հետ։ Հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Գրիշաշվիլուն այն ամենի համար, որ նա արել է Թումանյանին Վրաստանում սիրելի դարձնելու, մեր ժողովուրդների  դարավոր բարեկամությանը նոր երանգ հաղորդելու համար։

Լևոն Ազրոյան

Scroll Up