Նոր մեկնարկ տալով Ռուսաստանի հայ համայնքի հետ հարաբերությունների առողջացմանը

Մարտի 28-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը տեսակապով հանդիպում ունեցավ Ռուսաստանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, պատասխանեց նրանց հուզող հարցերին:

Ասուլիսային ձևաչափով հանդիպմանը ներկա էին «Նոեվ կովչեգ» թերթի գլխավոր խմբագիր Գրիգորի Անիսոնյանը, «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանը, «Դոնի Նախիջևան» թերթի գլխավոր խմբագիր Վարդան Աբրահամյանը, «АНТИТОПОР» տեղեկատվական-վերլուծական պորտալի հիմնադիր, լրագրող, բլոգեր Վադիմ Հարությունովը, Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավարի տեղակալ, լրագրող Վահան Բաբախանյանը, «Մասյաց աղավնի» թերթի գլխավոր խմբագիր Վահան Վերմիշյանը, «Օստրովոկ Նաիրի» թերթի գլխավոր խմբագիր Անահիտ Խաչատրյանը, «Ռուսաստան-Հայաստան» տեղեկատվական-վերլուծական կայքի հիմնադիր, գլխավոր խմբագիր Արամ Խաչատրյանը, «Հյուսիսափայլ» կայքի խմբագիր Դավիթ Բալայանը, լրագրող Յուրի Կարապետյանը:

Ողջունելով տեսակապի մասնակիցներին՝ Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդգծեց, որ նմանատիպ անմիջական հանդիպումները պարբերաբար են լինելու, և փորձ է արվում արդյունավետ երկխոսությունը սկսել հենց այստեղից: Տեր Գրիգորյանը խոսեց հավաքի հիմնական նպատակի մասին՝ ներկայացնել սփյուռքի նախարարության վերակազմավորումն ու վարչապետի աշխատակազմում ստեղծվող Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետագա գործունեությունը, ուղղությունները: Նշեց, որ գրասենյակը, լինելով կոորդինացնող և մշտադիտարկող մարմին, ծրագրեր չի իրականացնելու, համակարգելու է նախախարարությունների և գերատեսչությունների աշխատանքերը սփյուռքի գծով, հանձնակատարն իր հերթին սահամանափակված չի լինելու նախարարական պարտականություններով, հաճախ է լինելու սփյուռքի համայնքներում:

Այս համատեքստում սփյուռքի նախարարի պաշտոնակատարը կարևորեց Ռուսաստանի հայ համայնքի հետ աշխատանքը՝ որպես ամենամեծ և Հայաստանին ամենամոտ համայնքներից մեկը, նկատեց, որ նախկինում հայ համայնքի հետ աշխատանքերում թերություններ եղել են, և հիմա հարաբերությունների առողջացմանը նոր մեկնարկ է տրվում:

«Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր  Աննա Գիվարգիզյանը հետաքրքրվեց, թե արդյոք 12 նախարարություններն էլ սփյուռքի հետ կապերի ստորաբաժանումներ ունեն: Ըստ Բաբկեն Տեր Գրիգորյանի՝ այն նախարարությունները, որոնք անգամ չունեն այդ բաժինները, ծրագրերի իրականացման բաժիններ ունեն և կարող են ծրագրերը կյանքի կոչել, իհարկե, համագործակցելով գրասենյակի հետ: Այս առումով գրասենյակը կապող օղակ է լինելու, կոորդինացնելով և մշտադիտարկելով բարձրացնելու է արդյունավետությունը, լիենլով վարչապետի աշխատակազմում՝ ունենալու է համակարգման ավելի արդյունավետ գործիքներ: Սփյուռքի հետ գործակցության ռազմավարությունը, քաղաքականությունը, գաղափարների մշակումը, ընթացքի մշտադիտարկումը կատարելու է հանձնակատարի գրասենյակը:

«Նոեվ կովչեգ» թերթի գլխավոր խմբագիր Գրիգորի Անիսոնյանը հարցրեց, թե ինչպիսին է լինելու գրասենյակի աշխատակազմը, քանի աշխատակից է ունենալու, ինչ ծավալի աշխատանք են նրանք կատարելու և կարողանալու են աշխատել համասփյուռք հայության հետ: Տեր Գրիգորյանը պատասխանեց, որ գրասենյակը սկզբնական շրջանում ունենալու է մինչև 30 աշխատակից, և նրանց առաջնային առաքելություններից է լինելու հենց հայ համայնքների հետ կապի ամրապնդումը, պետության նոր մոտեցման՝ համայանքներին աջակցության կյանքի կոչումը:

«Մասյաց աղավնի» թերթի գլխավոր խմբագիր Վահան Վերմիշյանը խնդրեց հնարավորիս շատ տեղեկատվություն տրամադրել նոր կառույցի, նրա աշխատանքների վերաբերյալ, որպեսզի համայնքը ևս տեղեկացված լինի փոփոխությունների ողջ ընթացքի մասին:

Ռոստովի հայ համայնքից ցանկացան ճշտել՝ արդյոք շարունակվելու է «Սփյուռք» ամառային դպրոց ծրագիրը: Բաբկեն Տեր Գրիգորյանը շեշտեց, որ հանձնակատարի գրասենյակը ծրագրեր չի իրականանցնելու, սակայն տարբեր ծրագրեր նոր ձևաչափերով և մասնավոր հատվածի ակտիվ ներգրավածությամբ շարունակվելու և իրականացվելու են: Հետագայում այդ ծրագրերի մասին մանրամասն տեղեկատվություն կներկայացվի:

Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավարի տեղակալ, լրագրող Վահան Բաբախանյանը խոսեց նախարարությանը կից հանրային խորհրդի մասին, որն այժմ չի գործում, և հարցրեց, թե հետագայում գրասենյակը պատրաստվում է ստեղծել նմանատիպ խորհուրդ, որտեղ տարբեր համայնքներից ներկայացուցիչներ կլինեն:

Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այդ ձևաչափն արդյունավետ չի աշխատել, ներկայացուցչական չի եղել և խախտում է այսօր գերակայող հիմնական սկբզունքը՝ բոլորի հետ աշխատել հավասար: Ըստ նրա՝ այդ ձևաչափը չի շարունակվի, սակայն կստեղծվի նոր հարթակ, որտեղ համայնքների բոլոր ներկայացուցիչները հնարավորություն կունենան ներգարվվել:

«Ռուսաստան-Հայաստան» տեղեկատվական-վերլուծական կայքի հիմնադիր, գլխավոր խմբագիր Արամ Խաչատրյանը խոսեց ինտերնետային հարթակում ադրբեջանական կողմից տարվող հակահայ քարոզչության և ընթացող տեղեկատվական պատերազմի մասին:

Աննա Գիվարգիզյանն անդրադարձավ նաև սփյուռքի բազմազանությանն ու սփյուռք-համայնք հասկացությունների տարբերություններին, անհատների դերին: Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդգծեց՝ սփյուռքն այսօր համաշխարհային ցանց է՝ կազմված և՛ կառույցներից ու կազմակերպություններից, և՛ անհատներից: Բոլորի հետ պետք է հավասար աշխատել, ոչ թե նվազեցնելով համայնքերի ու կառույցների նշանակությունը, այլ բարձրացնելով սփյուռքահայի դերը: Դա է թելադրում 21-րդ դարի ցանցային տրամաբանությունը: Ըստ Տեր Գրիգորյանի՝ այս ամենին հասնելու առաջին քայլը կոնցեպտի ճիշտ ձևակերպումն է և այդ տրամաբանության արտահայտում հետագա գաղափարների մեջ:

Հանդիպման ընթացքում քննարկում ծավալվեց նաև համահայկական օրակարգի ձևավորման, կապի նոր հարթակներ ստեղծելու, դրանց գործիքակազմը ընդլայնելու, համայնքների հետ անմիջական շփման վերաբերյալ:

Որպես ամփոփում Բաբկեն Տեր Գրիգորյանը նշեց, որ անպայմանորեն և՛ նման հանդիպումները, և՛ կենդանի շփումները պետք է շարունակվեն սփյուռքի բոլոր հայ համայնքների ներկայացուցիչների, մասնավորապես նաև Ռուսաստանի հայ համայնքի հետ:

Scroll Up