Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեց Նիկոլա Դավիդյանին

Մարտի 26-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեց ՀԲԸՄ Բելգիայի գրասենյակի տնօրեն, Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Նիկոլա Դավիդյանին:

Հյուրը նախևառաջ ներկայացրեց կառույցների գործունեության հիմնական ուղղությունները, նշեց, որ Բելգիայի հայերի կոմիտեն հայ համայնքի միասնական ներկայացուցչությունն է հատկապես երկրի իշխանությունների հետ հարաբերություններում:

Բելգիայում հայկական համայնքային ինստիտուտները ներկայացնում են միասնական ևժողովրդավարական բնույթ կրող մոդել: Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների վեհաժողովը և Բելգիայի հայերի կոմիտեն ի սկզբանե ունեն առաքելություն պահպանել և ներկայացնել հայկական քաղաքակրթության ժառանգությունը, որի մեծ մասը ոչնչացվել է 20-րդ դարում Թուրքիայում, պահպանել հայկական հետքը Մերձավոր Արևելքում և Արևելյան Եվրոպայում:

Նիկոլա Դավիդյանը կարևորեց նաև Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման հարցում հայկական կառույցների դերակատարությունն ու այդ ուղղությամբ իրենց վարած քաղաքականությունը, Բելգիայի և Հայաստանի երկկողմ պետական համագործակցության մեջ համայնքի ներդրումը, այն խորացնելու գործում աջակցելու պատրաստակամությունը, Արցախի խնդրի վերհանումը, հայ նոր սերնդի համար ազգային մշակութային հենքով կրթությունը: Ըստ նրա՝ Բելգիայի հայ համայնքն այսօր բավականաչափ ինքնակազմակերպված և ինքնաբավ է:

Բարձր գնահատելով Նիկոլա Դավիդյանի գործունեությունը՝ Բաբկեն Տեր Գրիգորյանը հատկապես առանձնացրեց, որ Հայաստան-սփյուռք գործակցության նոր փիլիսոփայությամբ՝ այժմ նաև Հայաստան պետությունն  է կանգնելու հայ համայնքների կողքին, աջակցելու է նրանց, միակողմանի մոտեցում այլևս չի լինելու: Տեր Գրիգորյանը ներկայացրեց սփյուռքի նախարարության վերակազմավորման ընթացքը, վարչապետի աշխատակազմում ստեղծվելիք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեության ուղղությունները, նշեց, որ այն առավելապես լինելու է կոորդինացնող մարմին՝ հետևելով սփյուռքի հետ 12 նախարարությունների աշխատանքերին, իրականացվող ծրագրերին: Խոսվեց համահայկական օրակարգի ձևավորման հիմքերի մասին, որի առանցքում լինելու են Արցախը, Հայաստան պետության զարգացումն ու անվտանգությունը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը:

Զրույցը հիմնականում ծավալվեց գլոբալ ազգի և հայկական գլոբալ ցանցի գաղափարների շուրջ, որտեղ ֆինանսական բաղադրիչի կողքին հավասարապես կարևորվում է մարդկային ներուժը, գիտական, մասնագիտական միտքը, հայերի գրանցած հաջողությունները բիզնեսում, քաղաքականության մեջ, գիտության տարբեր ասպարեզներում: Բաբկեն Տեր Գրիգորյանն այս առումով կարևորեց սփյուռքի ներուժի քարտեզագրման և չափագրման աշխատանքերը, որոնք լինելու են գրասենյակի առաջնահերթություններից, մշակվելու է համապարփակ ռազմավարություն, որը Հայաստան-սփյուռք հարաբերությունների զարգացումը դիտարկելու է 21-րդ դարի տրամաբանության մեջ:

Կողմերն անդրադարձ կատարեցին նաև սփյուռքում առկա կրթական խնդիրներին: Որպես հաջողված օրինակ՝ Բաբկեն Տեր Գրիգորյանը նշեց ՀԲԸՄ վիրտուալ քոլեջը, որի փորձը պետք է տարածել:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց մշտապես լինել կապի մեջ և առավել սերտ համագործակցել նոր ձևաչափերով:

Scroll Up