Հայաստանի մասնակցությունը Լայպցիգի գրքի ամենամյա տոնավաճառին

Մարտի 21-24-ը Գերմանիայի Լայպցիգ քաղաքում տեղի ունեցավ ամենամյա Գրքի միջազգային տոնավաճառը, որին ՀՀ մշակույթի նախարարության կազմակերպմամբ և ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության ու Երևանի «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ այս տարի ևս մասնակցեց Հայաստանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

Հայկական տաղավարում ներկայացված էին հայ դասական և ժամանակակից գրողների, նկարիչների ստեղծագործություններ, Հայաստանի և հայոց պատմության վերաբերյալ տեղացի և օտարազգի հեղինակների աշխատանքներ՝ հայերեն, գերմաներեն և այլ լեզուներով:

Փառատոնի շրջանակներում կայացան Թորստեն Ֆլայգի, Զառա Սաֆարյանի՝ համապատասխանաբար Հայաստանի և հայկական խոհանոցի մասին գերմաներեն լեզվով հրատարակված գրքերի, ինչպես նաև Արամ Պաչյանի, Գրիգի, Հովհաննես Երանյանի գրքերից գերմաներեն թարգմանված հատվածների ընթերցանություններ, որոնք արժանացան ունկնդիրների բարձր հետաքրքրությանն ու դրական արձագանքին։

Տոնավաճառի շրջանակներում Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանն առանձնազրույց ունեցավ Տոնավաճառի գլխավոր տնօրեն Օլիվեր Ցիլլեի հետ։ Վերջինս գոհունակությամբ արձանագրեց Հայաստանի մասնակցության ակտիվացումն այս տարի։ Դեսպանը հանդիպումներ ունեցավ նաև խոշորագույն հրատարակչությունների ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին արդյունավետ համագործակցության հեռանկարները և պայմանավորվածություններ ձեռք բերվեցին այդ ուղղությամբ գործնական քայլերի շուրջ։

Հավելենք, որ ամեն տարի մարտ ամսին անցկացվող Լայպցիգի Գրքի միջազգային տոնավաճառն իր մասշտաբներով երկրորդն է Գերմանիայում՝ Ֆրանկֆուրտի Գրքի տոնավաճառից հետո: Դեռևս 17-րդ դարում սկիզբ առած այս ավանդույթն այսօր հնարավորություն է ընձեռում ավելի քան 200.000 այցելուներին ծանոթանալու Գերմանիայի և բազմաթիվ այլ երկրների շուրջ 2500 հրատարակչությունների կողմից ներկայացված ամենատարբեր բնույթի գրականությանը, մասնակցելու քննարկումներին անձամբ հեղինակների և հրատարակչությունների ղեկավարների հետ: Լայպցիգի Գրքի տոնավաճառը լուսաբանվում է մի քանի հազար տեղական և օտարերկրյա լրագրողների և բլոգերների կողմից:

Scroll Up