25-ամյա պատմություն ունեցող Լոս Անջելեսի Աթանյան արվեստի դպրոցը

«Հայերն այսօր»– Օրերս ԱՄՆ Գլենդելի Փասիֆիկ համայնքային կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ Աթանյան արվեստի դպրոցի հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն: 1200-ից ավելի այցելուները հիացմունքով դիտեցին դպրոցի 212 աշակերտների 560 գեղանկարչական, գրաֆիկայի, քանդակի, կերամիկայի և դիզայնի հրաշալի ստեղծագործությունները:

Ելույթ ունեցան և դպրոցի հիմանդիրներ՝ հայր և որդի Վլադիմիր ու Գոռ Աթանյաններին դրվատանքի, երախտագիտության խոսքեր ուղղեցին Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրթյանը, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Միթչ Ֆարրելի ներկայացուցիչ Ջորջ Հակոբյանը: Վերջինս կենտրոնին հանձնեց քաղաքապետարանի պատվոգիրը: Պաշտոնական հյուրերի թվում էին նաև Գլենդելի քաղաքապետարանից Արմեն Ավետյանը, Տորրանսի քաղաքապետարանի արվեստի բաժնի ղեկավար Իվ Ռապոպորտը, Աթանյան արվեստի դպրոցի շրջանավարտ, ճարտարապետ Արմեն Ղազանչյանը:

Հոբելյանական երեկոյի գեղարվեստական մասն սկսվեց «Տրիո սինթեզիզ» խմբի (Կարեն Ասատրյան, Արտաշես Ժաննա, Անի Սինանյան) երաժշտական կատարմամբ: Որպես շնորհավորանք` իրենց կատարումներով հանդես եկան կենտրոնի աշակերտուհի Նվարդ Աբրահամյանը` հայ երգարվեստի աստղ Էլլադա Չախոյանի նվագակցությամբ, «Անուշ» պարային համույթը՝ պարուսույց Անուշ Մարգարյանի ղեկավարությամբ: Ելույթ ունեցան նաև միջազգային երաժշտական դպրոցից Սուսաննա Աբրահամյանը, Դավիթ Միքայելյանը` Սուսաննա Ժամկոչյանի ղեկավարությամբ: Ուշագրավ էին հանրաճանաչ քանոնահարուհի Լիանա Մարտիրոսյանի և անզուգական ջութակահար Մերուժան Մարգարյանի կատարումները:

Անվանի արվեստագետ, արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Վլադիմիր Աթանյանը, Գլենդելի «Ադամանդե» մրցանակակիրը, Արշիլ Գորկու անվան մեդալակիրը,  գեղանկարիչն ու քանդակագործը, Ֆրանսիայի և Իտալիայի միջազգային բիենալեների դիպլոմակիրը, Լոս Անջելեսում որդու` արվեստագետ Գոռ Աթանյանի հետ 25 տարի առաջ հիմնադրելով արվեստի այս դարբնոցը, ո´չ միայն կրթեց իր համար արդեն երրորդ սերնդին, այլև մեծապես նպաստեց հայապահպանմանը: 25 տարիների ընթացքում դպրոցը, հավատարիմ մնալով իր կոչմանը, կրթություն է տվել ավելի քան 3500 աշակերտի, որոնց զգալի մասը շարունակելով ուսումը կերպարվեստի ու դիզայնի քոլեջներում և համալսարաններում` դարձել են բարձրակարգ մասնագետներ, որոնք ունեն լուրջ նվաճումներ: Նրանցից հարկ է նշել Արմեն Ղազանչյանի, Հարութ Դեմիրչյանի, Անջելա Ավանեսյանի, Արփի Բաղդասարյանի, Անուշ Շահինյանի, Արփի Շահբանդարյանի, Արմեն Թութունջյանի անունները: Բազմաթիվ պարգևներն ու պատվոգրերը, ինչպես նաև դպրոցի մասին գրված մի քանի տասնյակ հոդվածները փաստում են կենտրոնի հսկայական դերը երեխաների գեղագիտական դաստիարակության գործում և նշանակալից ներդրումը Լոս Անջելեսում: Այս տարիների ընթացքում կենտրոնի աշակերտները մասնակցել են 300-ից ավելի մրցույթների և ցուցահանդեսների` շահելով բազմաթիվ պարգևներ, արժանանալով լավագույն մրցանակներին: Դպրոցի սաները մասնակցել են  «Նվիրումի պատկերներ» ցուցահանդեսին` նվիրված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն ընդունելու 1700 ամյակին: Առաջնորդարանում և «Զորայան» թանգարանում կազմակերպվել են մի շարք ցուցահանդեսներ, որոնց թվում` Վլադիմիր և Արմեն Աթանյանների անհատական ցուցահանդեսները, կենտրոնի սաների աշխատանքները՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին:

Աթանյան արվեստի կենտրոնը համագործակցում է նաև Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության հյուպատոսարանի հետ՝ մասնակցելով բազմաթիվ միջոցառումների: Կենտրոնի հիմնադիրներ Վլադիմիր և Գոռ Աթանյանները կատարել են մի շարք մոնումենտալ գործեր Հայաստանում և այստեղ` Գլենդելի Փասիֆիկ համայնքային կենտրոնի նախասրահում, Բրբանկում` «Մուսա» խճանկարը «Burbank Senior Artist» շենքի ճակատամասին: Այժմ նրանք իրականացնում են Հոլիվուդի Փոքր Հայաստանի «Դարպաս և կարաս» մուտք-մոնումենտը:

Կենտրոնի ստեղծագործական համագործակցության շրջանակներն ընդգրկել են նաև Գլենդելի քաղաքապետարանի նախագծերը, Eastern Seals, Sacura of Amerika, Cirgue du Soleil, Nasau, Նյու Յորքի օժտված երեխաների թանգարան, Հայաստանի Հանրապետության կազմակերպած մանկապատանեկան, համահայկական մրցույթ-փառատոնը, Ճապոնիայի «Աշխարհի երեխաների» նկարչական մրցույթ- ծրագրերը: Կենտրոնը համագործակցում է նաև Հայաստանի Հանրապետության սփյուռքի և մշակույթի նախարարությունների հետ:

Ուսումնական կենտրոնի ձեռքբերումները, անխոս, կապված են նաև դասավանդող մանկավարժների անվան հետ: Իրինա Սրապիոնյանի, Պոլետ Զարգարյանի, Լուսինե Խաչիկյանի, Թալին Քելջյանի ավանդն այս կենտրոնում անգնահատելի է, իսկ նվիրումը` անսպառ: Նրանք ապրում են իրենց սաներից յուրաքանչյուրի հաջողությամբ: Դպրոցի հետ մշտապես կապի մեջ են նաև Արեն Հայրապետյանը, Մոնիկա Համբարձումյանը, Ալեքս Աթանյանը: Անցած տարիներին մեծ աշխատանք են կատարել Արտակ Աթանյանը, Թամար Խաչատրյանը, Հարութ Դեմիրչյանը, Վահան Աթանյանը, Արմեն Ղազանչյանը: Դպրոցում կա նաև հայոց լեզվի դասարան, որտեղ դասավանդում է Նաիրա Մնացականյանը:

Դպրոցի տաղանդաշատ սանուհի Լուսին Ենգիբարյանը 2016 թ.  Easter Seals համաամերիկյան գեղանկարչական մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակի: 2017 թվականին այդ մրցույթում կրկին գլխավոր մրցանակին արժանացել է Աթանյան դպրոցի սանը` Աննա Փիլավջյանը, իսկ 2018-ին` Սաբրինա Ալեքսանը: Կարևոր նվաճումներից են  Ճապոնիայում 2017 թվականին կայացած Տոկիոյի «Աշխարհի երեխաների» նկարչական 24-րդ մրցույթին Նվարդ Աբրահամյանի ստացած բրոնզե և 2018 թվականին՝ 25-րդ մրցույթին, Հայկ Շահբազյանի արծաթե մրցանակները:

Կրկին հայացքս ուղղում եմ «Աթանյան արվեստի կենտրոնին», այնտեղ կրթվող մեր ապագա սերնդին` փոքրից մինչև մեծ: Նրանք Աթանյան մեծության լավագույն քանդակներն են: Նրանք իրենց ստացածը փոխանցելու են իրենց զավակներին: Նրանցից այլևս հնարավոր չէ հեռացնել հայեցիությունը, արվեստն ու գեղեցիկի հանդեպ սերը, քանզի նրանք կրում են 25-ամյա պատմություն ունեցող Աթանյան արվեստի դպրոցի շունչն ու ոգին:

Դպրոցի հիմնադրման 25-ամյակին նվիրված երեկոյի վերջում ցուցահանդեսի մասնակից աշակերտներին հանձնվեցին մեդալներ և պատվոգրեր: Ցուցահանդեսի լավագույն մրցանակին արժանացավ Լուսին Ենգիբարյանը: Ոսկե մեդալների արժանացան Գևորգ Գրիգորյանը, Ալինա Առուստամյանը, Ուլիանա Կմիտը, Լիլիթ Գևորգյանը, Միշել Քյուրքչյանը, Ռայմոնդ Շամիրյանը, Փաթիլ Մանվելյանը և ուրիշներ:

Հրաշալի կազմակերպված երեկոն անցավ հոբելյանական բարձր տրամադրությամբ:

Նաիրա Մնացականյան 

Scroll Up